Մեկնարկեց Սփյուռքի նախարարության «Արի Տուն» հայրենաճանաչության ծրագրի 4-րդ փուլը

Հուլիսի 30-ին մեկնարկեց Սփյուռքի նախարարության «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրի անցումային 4-րդ փուլը, որին մասնակցում են 32 պատանիներ՝ Ռուսաստանից, Հունաստանից, Ավստրիայից, Լիբանանից և Ֆրանսիայից:
Ծրագրի մասնակիցներին ողջունեցին Սփյուռքի նախարարի տեղակալ Բաբկեն Տեր-Գրիգորյանը և աշխատակազմի ղեկավար Երեմ Սիմոնյանը, ովքեր պատկերավոր ներկայացրեցին արիտունցիների անելիքները 14 օրերի ընթացքում: Խոսեցին մասնավորապես ծրագրի նպատակի մասին:
Սփյուռքից ժամանած մեր հայրենակիցներին հորդորեցին ճանաչել Հայաստանը, Երևանն իր ամբողջ գեղեցկությամբ, հայոց լեզվի և հայոց պատմության արագացված դասավանդման ընթացքում փորձել հնարավորինս շատ բան սովորել:
Փոխնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանն իր խոսքում մասնավորապես ասաց. «Ես նույնպես Սփյուռքում եմ ծնվել, սակայն արդեն 6 տարի՝ ապրում եմ Հայաստանում: Առաջին այցս հայրենիք ամենատպավորիչն է եղել, ու հենց դրա հիման վրա էլ որոշել եմ վերադառնալ: Կարծում եմ՝ այստեղ սերտ կապեր կստեղծեք, ու երբ կգնաք ձեր բնակության երկիր, կզգաք, որ Հայաստանը ձեր տունն է, և այստեղ ձեզ միշտ սպասում են»:
Արիտունցիներին ողջունեց նաև Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Երեմ Սիմոնյանը: Նա ընդգծեց, որ ծրագրի յուրաքանչյուր օրվա ընթացքում հայրենիքը նորովի կբացահայտվի մասնակիցների համար, նրանք ամենուրեք կզգան հայկականության շունչը: Խնդրեց երեխաներին սիրել այն հյուրընկալ ընտանիքները, որտեղ կապրեն այս օրերի ընթացքում, և ընդունել նրանց հարազատի պես:
Հանդիպման ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկավ հյուրընկալ ընտանիքներից ներկա գտնվող մեկը, ով շնորհակալություն հայտնեց Հայաստանի նոր կառավարությանը, սՍփյուռքի նախարարությանը՝ այս հիանալի ծրագրի և իրենց վստահելու համար: