Գյումրիում բացվեց ՀՄԸՄ-ի ռահվիրա Վահան Չերազի արձանը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2018/07/cheraz16.jpg)
Հուլիսի 23-ին Գյումրիի Վարդանանց հրապարակում տեղի ունեցավ ՀՄԸՄ-ի ռահվիրա Վահան Չերազի արձանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին Շիրակի փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, հոգևոր հայրեր, Համաշխարհային սկաուտական շարժման ընդհանուր քարտուղարի ներկայացուցիչը, Վահան Չերազի դուստրը` Բյուրակն Չերազը, ՀՄԸՄ-ի կենտրոնական և շրջանային վարչությունների անդամներ, հյուրեր: Օրվա բանախոսն էր ՀՄԸՄ կենտրոնական վարչության ատենադպիր Րաֆֆի Կեովողլանյանը:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը բոլոր գյումրեցիների անունից շնորհավորեց ՀՄԸՄ-ականներին՝ կազմակերպության 100 ամյակի և Վահան Չերազի արձանի բացման առիթով:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Չերազի դուստրը՝ Բյուրակն Չերազը: Նա մասնավորապես նշեց. «Ուրախ եմ ներկա գտնվել իմ ծննդավայր Գյումրիում: Շնորհակալություն ՀՄԸՄ-ին այս գեղեցիկ նախաձեռնության համար: Շնորհակալություն քանդակագործ Սամվել Մուրադյանին հրաշալի քանդակի համար»:
Ողջույնի ուղերձ հնչեցվեց նաև համաշխարհային սկաուտական կազմակերպության անունից:
Վահան Չերազի արձանի բացումից հետո՝ շեփորախմբի գլխավորությամբ սկաուտական քայլերթով հրապարակով անցան Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյակի առիթով համա-ՀՄԸՄ-ական 11-րդ բանակմանը մասնակցելու համար աշխարհի 26 երկրներից հայրենիք ժամանած 1200 սկաուտներ:
Հայ հասարակական-քաղաքական գործիչ, հայտնի մարզիկ, Հայաստանում սկաուտության հիմնադիրներից Վահան Չերազը 1920-1927 թթ. զբաղվել է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ որբերի հավաքագրմամբ և խնամակալությամբ, հիմնել սկաուտական և մարզական խմբեր Գյումրիում: Նա գնդակահարվել է ստալինյան բռնաճնշումների տարիներին: