Մեկնարկեց «Հայ կանանց դերը զարթոնքից հանրապետություն» խորհրդաժողովը

Մայիսի 24-ին Հայ Օգնության միության նախաձեռնությամբ և  ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ ԵՊՀ դահլիճում մեկնարկեց «Հայ կանանց դերը զարթոնքից հանրապետություն» խորհրդաժողովը, որը նվիրված է Հայաստանի առաջին հանրապետության 100 ամյակին:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՕՄ կենտրոնական վարչության վարիչ տնօրեն Վերժինե Թուլումյանը: Անդրադառնալով հայ կնոջ դերին՝ նա նշեց, որ ժողովրդի համար ամենաբախտորոշ, օրհասական պահերին նա առանձնացել է  ազգային արժանապատվությամբ, հեռատեսությամբ և նախանձախնդրությամբ:

Խորհրդաժողովի մասնակիցներին ողջունեց ու բարի երթ մաղթեց ՀՕՄ կենտրոնական վարչության ատենապետուհի Գարոլին  Շմավոնյանը:

Առաջին նիստի նիստավար ՀՕՄ կենտրոնական վարչության անդամ Ալեսյա Բեջանյանը ներկայացրեց զեկուցողներին: Իրենց ելույթներում  ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, դոկտ. Հայարփի Պապիկյանը պատմական անդրադարձ կատարեցին հայ կնոջ դերին՝ ազգային վերածննդի,ազատագգրական շարժման և առաջին աշխարհամարտի օրերին:

Երկրորդ նիստը վարեց Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի անդամ Սյուզի Ծերունյան-Խանզատյանը: Զեկուցումներով հանդես եկան հրապարակախոս, քաղաքական գործիչ Լիլիթ Գալստյանը, ՀՀ-ում ֆրանսիական համալսարանի իրավաբանական բաժնի տօրեն Կարինե Հովսեփյանը և Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի «Աբո Սաղվեջյան» ծրագրի պատասխանատու Թերեզա Երեմյանը, ովքեր ներկայացրին հայ կնոջ դերը արդի հասարակական, քաղաքական և մասնագիտական ոլորտներում:

Նիստերի ավարտին տեղի ունեցած հարց ու պատասխանից հետո, խորհրդաժողովն ամփոփեց ՀՕՄ կենտրոնական վարչության փոխատենապետուհի Նաիրի Տերտերյանը:

Խորհրդաժողովից հետո ՀՕՄ անդամներն այցելեցին Սոսե մայրիկի շիրիմին, որի աճյունը 20 տարի առաջ Հայաստանի Հանրապետության 80 ամյակի առթիվ Հայ Օգնության Միության ջանքերով Եգիպտոսից տեղափոխվել է Հայրենիք:

Scroll Up