«Հայաստանի Հանրապետությունը և Հայ եկեղեցու դերակատարությունը Հայոց պետականության կայացման գործում (1918-2018 թթ.)» խորագրով գիտաժողովն ամփոփեց աշխատանքները

Մայիսի 22-ին ՀՀ սփյուռքի նախարարության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի նախաձեռնությամբ տեղի ունեցած «Հայաստանի Հանրապետությունը և Հայ եկեղեցու դերակատարությունը Հայոց պետականության կայացման գործում (1918-2018 թթ.)» խորագրով գիտաժողովը, որին մասնակցում էր ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, ամփոփեց աշխատանքերը:

Գիտաժողովին ներկա էին ներկայացուցիչներ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից, Հայ Կաթողիկե և Ավետարանական եկեղեցիներից, տարբեր գիտական, կրթական հաստատություններից:

Գիտաժողովի ավարտին մասնակիցները հանդես եկան ուղերձով, որում ասվում է.

«Գիտաժողովի մասնակիցներս մեր երախտագիտությունն ենք հայտնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որ իր շնորհաբաշխ պատգամը բերեց Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված գիտաժողովին: Մեր շնորհակալության խոսքն ենք հղում ՀՀ սփյուռքի նախարար Տիար Մխիթար Հայրապետյանին իր ներկայության և ողջույնի խոսքի համար, ինչպես նաև  գիտաժողովի կազմակերպիչներին՝ ՀՀ սփյուռքի նախարարության և Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի աշխատակիցներին:

Գիտաժողովը վերստին առիթ ստեղծեց պատմության խորքերը ներթափանցելու, Պետություն-Եկեղեցի հարաբերություններին անդրադառնալու և պատմական իրադարձություններից դասեր քաղելու, արդի համաշխարհայնացման դարաշրջանում ազգային ձեռքբերումները պահպանելու, հայապահպանությունը զորացնելու, հայրենադարձությունը խրախուսելու և ազգային միասնությունը համազգային գաղափարախոսության գործուն փաստի վերածելու:

Արձանագրում ենք, որ գիտաժողովի զեկուցումների հենքի վրա հանգեցինք կարևոր եզրակացությունների, ըստ որոնց՝ շեշտվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու,  որպես ազգային մնայուն արժեքի, բացառիկ առաքելությունը Հայոց պատմության մեջ, հատկապես արդի ժամանակաշրջանում նրա շուրջը համախմբվելու, ազգային ինքնության (հայրենիք, ազգ, մայրենի լեզու, հավատք, նախնյաց ժառանգություն) պահպանման և զարգացման անհրաժեշտությունը:

Ներկայումս հրամայական է դարձել մեր ժողովրդի Ազգային Եկեղեցու առաջնորդությամբ աշխարհասփյուռ հայության բոլոր հատվածների մեկտեղումը  համազգային կենսական խնդիրների լուծման գործում՝ Հայոց Պետության անվտանգության ամրացման, Հայ Դատի՝  Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման, հետևանքների վերացման ու հատուցման, և Արցախի հիմնախնդրի խաղաղ լուծման, հայեցի դաստիարակության, ազգային մշակույթի և երկրի սոցիալ-տնտեսական վերելքի ոլորտներում:

Գիտաժողովի մասնակիցներս ևս մեկ անգամ հաստատում ենք այն ճշմարտությունը, որ արդի Հայատանի Հանրապետությունը, ներառյալ ինքնորոշված Արցախի Հանրապետությունը, համայն հայության լինելության միակ առհավատչյան է, իսկ Հայաստանի անկախության պահպանումը և պաշտպանությունը՝ յուրաքանչյուր հայորդու սրբազան պարտքը:

Հորդորում ենք մեր Հայրենի պետությանը, որ շարունակի մշտապես ուշադրության կենտրոնում պահել և ջանքեր գործադրել ի նպաստ ազգային-քրիստոնեական արժեհամակարգի առավել զարգացմանը:

Գիտաժողովի մասնակիցներս սրտագին կերպով շնորհավորում ենք մեր ողջ ժողովրդին պանծալի հոբելյանների առիթով»:

Scroll Up