Գյումրիում բացվեց ՀՄԸՄ-ի ռահվիրա Վահան Չերազի արձանը

Հուլիսի 23-ին Գյումրիի Վարդանանց հրապարակում տեղի ունեցավ ՀՄԸՄ-ի ռահվիրա Վահան Չերազի արձանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին Շիրակի փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, հոգևոր հայրեր, Համաշխարհային սկաուտական շարժման ընդհանուր քարտուղարի ներկայացուցիչը, Վահան Չերազի դուստրը` Բյուրակն Չերազը, ՀՄԸՄ-ի կենտրոնական և շրջանային վարչությունների անդամներ, հյուրեր: Օրվա բանախոսն էր ՀՄԸՄ կենտրոնական վարչության ատենադպիր Րաֆֆի Կեովողլանյանը:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը բոլոր գյումրեցիների անունից շնորհավորեց ՀՄԸՄ-ականներին՝ կազմակերպության 100 ամյակի և  Վահան Չերազի արձանի բացման առիթով:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Չերազի դուստրը՝  Բյուրակն Չերազը: Նա մասնավորապես նշեց. «Ուրախ եմ ներկա գտնվել իմ ծննդավայր Գյումրիում: Շնորհակալություն ՀՄԸՄ-ին այս գեղեցիկ նախաձեռնության համար: Շնորհակալություն քանդակագործ Սամվել Մուրադյանին հրաշալի քանդակի համար»:

Ողջույնի ուղերձ հնչեցվեց նաև համաշխարհային սկաուտական կազմակերպության անունից:

Վահան Չերազի արձանի բացումից հետո՝ շեփորախմբի գլխավորությամբ սկաուտական քայլերթով հրապարակով անցան Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյակի առիթով համա-ՀՄԸՄ-ական 11-րդ բանակմանը մասնակցելու համար աշխարհի 26 երկրներից հայրենիք ժամանած 1200 սկաուտներ:

Հայ հասարակական-քաղաքական գործիչ, հայտնի մարզիկ, Հայաստանում սկաուտության հիմնադիրներից Վահան Չերազը 1920-1927 թթ. զբաղվել է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ որբերի հավաքագրմամբ և խնամակալությամբ, հիմնել սկաուտական և մարզական խմբեր Գյումրիում:  Նա գնդակահարվել է ստալինյան բռնաճնշումների տարիներին:

Scroll Up