«Գերմանական միջազգային համագործակցություն» ընկերության պատվիրակությունն այցելեց սփյուռքի նախարարություն
Հունիսի 26-ին սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունեց «Գերմանական միջազգային համագործակցություն» ընկերության պատվիրակությանը, որի կազմում էին Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերը, ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննե Քեմփան, «Հարավային Կովկասում ներքին տեղահանված անձանց և բնակչության խոցելի խմբերի տնտեսական և սոցիալական մասնակցություն ընդունող համայնքներում» ծրագրի տարածաշրջանային տնօրեն Ֆրեդերիկե Ռոխովանսկին, մասնավոր հատվածի զարգացում միջին մասնագիտական կրթություն և վերապատրաստում ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Վիլհելմ Հյուգոն, ծրագրի փորձագետ Կարինե Սիմոնյանը:
Հանդիպման նպատակն էր ներկայացնել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության կողմից ֆինանսավորվող և ԳՄՀԸ-ի կողմից իրականացվող՝ Սիրիահայերի տնտեսական ինտեգրմանն ուղղված ծրագիրը, ինչպես նաև քննարկել ծրագրի շրջանակներում սփյուռքի նախարարության և ԳՄՀԸ-ի միջև շարունակական համագործակցության հետ կապված հարցեր:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Մխիթար Հայրապետյանը կարևորեց համագործակցությունը միջազգային, բարեգործական, համահայկական կառույցների հետ, նրանց մասնակցությունը սիրիահայերի հիմնախնդիրների լուծմանը:
Աննե Քեմպան շնորհավորեց և հաջողություն մաղթեց նախարարին, ներկայացրեց կազմակերպության աշխատանքի ուղղվածությունը, առաջիկա ծրագրերն ու հետագա համագործակցության հեռանկարները: Պատվիրակության մյուս անդամները խոսեցին սիրիահայերին ցուցաբերվող աջակցության տարբեր ոլորտների մասին, կարևորելով հատկապես կրթական ծրագրերն ու տնտեսական ինտեգրման հարցերը:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց սիրիահայերի սոցիալական, տնտեսական հարցերի լուծման ուղղությամբ իրականացված քայլերին, առաջնահերթություններին ու մարտահրավերներին: Կարևորվեց բոլոր կազմակերպությունների միասնական ռազմավարությունը, համակարգված աշխատանքը, ակտիվ համագործակցությունը: