ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի պատվիրակությունն այցելեց Սփյուռքի նախարարություն

Հունիսի 22-ին Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթին և ծրագրերի բաժնի պատասխանատու Նվեր Սարգսյանին:

Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորեց ակտիվ համագործակցությունը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի և միջազգային, բարեգործական, համահայկական կառույցների հետ, նրանց գործուն մասնակցությունը սիրիահայերի հիմնախնդիրների լուծմանը: Մխիթար Հայրապետյանը մասնավորապես նշեց. «Մեզ համար շատ կարևոր է մեր աշխատանքի արդյունքը: Աշխատանքային հանդիպումներ կունենանք ձեր թիմի հետ, կմշակենք սիրիահայերի հարցերով զբաղվող բոլոր կազմակերպությունների աշխատանքը համակարգող մարմին, որը միասնական և արդյունավետ կդարձնի նրանց գործունեությունը»:

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը շեշտեց, որ կարևորում է փախստականների բոլոր խմբերի ներառումը սոցիալական ծրագրերում, ինչը կօգնի նրանց արագ ինտեգրվել հասարակությանը: «Կարևոր է հասարակական կազմակերպությունների աջակցությունը, համախմբումը, համագործակցությունը»,– հավելեց նա:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց սիրիահայերի սոցիալական, տնտեսական հարցերի լուծման ուղղությամբ իրականացված քայլերին, առաջնահերթություններին ու մարտահրավերներին:

Scroll Up