Ֆրանսահայ կապույտ խաչի «Աստղիկ» մասնաճյուղի կանայք հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության նահատակների հիշատակին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2018/05/ֆրանսահայ-կապույ-խաչ9-300x225.jpg)
Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսահայ կապույտ խաչի «Աստղիկ» մասնաճյուղի կանայք հարգանքի տուրք մատուցեցին Ֆրանսիայում՝ Փարիզի տարածաշրջանի 4 համայնքներում՝ Արնուվիլ, Վիլեյ Լը Բել, Գոնես և Սարսել: Ինչպես նաև վերոնշյալ քաղաքներում կապույտ խաչի կանանց կողմից տնկվեցին ծառեր՝ ի հիշատակ Ցեղասպանությանը զոհ գնացած հայ կանանց:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Ֆրանսահայ կապույտ խաչի «Աստղիկ» մասնաճյուղից, Վիլեյ Լը Բել քաղաքում բացման խոսքով հանդես եկավ Ֆրանսահայ կապույտ խաչի «Աստղիկ» մասնաճյուղի քարտուղարուհի Սոնա Սուրեկենը, իսկ Սարսել քաղաքում Ֆրանսահայ կապույտ խաչի «Աստղիկ» մասնաճյուղի փոխատենապետուհի Նունե Ավետիսյանը: Յուրաքանչյուր քաղաքում խաչքարերի առջև դրվեցին ծաղիկներ՝ քաղաքապետերի, քաղաքապետարանների ներկայացուցիչների, պատգամավորների, ինչպես նաև միությունների կողմից:
Արնուվիլ քաղաքում Ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նաև եկեղեցական պատարագ մատուցվեց Հայ Առաքելական Սուրբ Վարագ եկեղեցում՝ Տեր Մանուել Ռաշո-Հովհաննիսյանի գլխավորությամբ, որին ներկա էին Ֆրանսահայ կապույտ խաչի «Աստղիկ» մասնաճյուղի 20 խաչուհիներ, բյուրոյի անդամներ, գանձապահ Սիլվա Սեմերջյանը, փոխատենապետուհի Նունե Ավետիսյանը, քարտուղարուհիներ Անիտա Պողոսյանը և Սոնա Սուրեկենը, ինչպես նաև Արնուվիլ քաղաքի քաղաքապետ Պասկալ Դոլը, քաղաքապետարանի մի շարք ներկայացուցիչներ, պատգամավոր Ֆրանսուա Պիպոնին, համայնքում գործող մի շարք միությունների անդամներ:
Ֆրանսահայ կապույտ խաչի դպրոցի հայոց լեզվի սաները ՝ իրենց ուսուցչուհու ուղղորդությամբ, քայլեցին եկեղեցուց մինչև խաչքար և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին: