Ռուսաստանաբնակ երիտասարդը հայրենադարձվելուց հետո բնապահպանական աշխատանքներ է կատարելու

Սոցիալական գովազդի մասնագետ Հայկ Գևորգյանը ծնվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Վաղաշեն գյուղում: 1992 թվականին, թողնելով հայրենի եզերքը, ընտանիքի հետ տեղափոխվել է ՌԴ Օրենբուրգ քաղաք:

Սակայն, բնավ, չի հեռացել արմատներից. ամառային արձակուրդներին միշտ այցելել է Հայաստան, հատկապես` հարազատ գյուղ և հանդիպել բարեկամներին:

Վերջին շրջանում Հայկը ձեռնամուխ է եղել համայնքային աշխատանքներ ծավալելուն, քանի որ ցանկացել է իր կատարած աշխատանքով նպաստել համայնքի՝ Հայրենիքի հետ կապը սերտացնելուն:

«Գործում է «Եվրազիա» երիտասարդական հասարակական կազմակերպությունը, որտեղ հայ և այլազգի երիտասարդների հետ տարբեր աշխատանքներ ենք կատարում՝ հիմնական ուժերը կենտրոնացնելով էկոլոգիական խնդիրների ուղղությամբ»,-«Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Հայկ Գևորգյանը՝ հավելելով, որ Օրենբուրգի քաղաքապետարանից անխոչընդոտ վերցնելով համապատասխան տեխնիկական միջոցներ՝ փորձում են շրջակայքը մաքրել կուտակված աղբից: Հայտարարում են նաև բաց դռների օր, որի ժամանակ քննարկում են հետագա անելիքներին առնչվող հարցեր: Իրենց շահերը պաշտպանելու համար երկու իրավաբան ունեն, հայ երեխաներին էլ ամառային արձակուրդին ճամբար են տանում:

Հայկը որոշել է հայրենադարձվել, և այդ պատճառով էլ Հայաստան է եկել՝ ուսումնասիրելու առկա իրավիճակն ու հնարավորությունները: Նա ցանկանում է հայրենադարձությունից հետո իր կարողությունների չափով օգտակար լինել Հայրենիքի շենացմանը և առաջընթացին:

«Պետք է երիտասարդներով համախմբվենք Հայաստանը զարգացնելու համար`զգալով մեր պետության աջակցությունը: Ուզում եմ՝ հայրենադարձվելուց հետո ուժերս սկզբնական շրջանում կենտրոնացնել բնապահպանության ոլորտում. առաջին ծրագրերից է լինելու  Սևանա լճի ափամերձ տարածքները աղբից մաքրելը, քանի որ ամռան ընթացքում այդ հատվածներում մարդիկ իրենց ժամանակն անցկացնելուց հետո երբեմն մոռանում են աղբը մաքրել, որի հետևանքով կուտակումներ են լինում»,- նշեց Հայկ Գևորգյանը:

Գևորգ Չիչյան

Scroll Up