Պարսիկների ներկայությամբ Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված երեկո Նոր Ջուղայում

Նոր Ջուղայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ և Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի ոգեկոչման հանձնախմբի հովանավորությամբ մայիսի 16-ին Նոր Ջուղայի Հայ մարզամշակութային «Արարատ» միության սրահում դասախոսական-գեղարվեստական միջոցառում իրականացվեց՝ Հայոց ցեղասպանութեան 103-րդ տարելիցը ոգեկոչելու համար։ Այս մասին «Ալիք»-ին տեղեկացնում է Նոր Ջուղայի թղթակիցը:

Ծրագրին ներկա էին Սպահանի քաղխորհրդի անդամ դոկտոր Շարիաթինիան, պետական պաշտոնյաներ, համալսարանների դասախոսներ, ուսանողներ, արվեստագետներ և այլ հյուրեր։

Երեկոյի մեկնարկը տրվեց Իրանի Իսլամական Հանրապետության օրհներգով։ Դասախոսական ելույթով հանդես եկավ Սպահանի «Ազատ» համալսարանի դասախոս դոկտոր Շահինը, ով անդրադարձ ունենալով Հայոց ցեղասպանության իրողությանը, վերլուծական ակնարկ ունեցավ Թուրքիայի նախկին և ներկա կառավարությունների կողմից որդեգրված երկակի քաղաքականություններին՝ որպես պարադոքսներ։ Այս ծիրում նշեց սահմանադրականությանը և առաջադիմությանը ձգտող երիտ-թուրքական կառավարությունը, որը ծրագրեց և իրագործեց Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև Թուրքիայի ներկա կառավարությունը, որը ժողովրդավար երկիր կոչվելով, ժխտողական քաղաքականություն է վարում Հայոց ցեղասպանության կապակցությամբ և անտեսում երկրի փոքրամասնությունների՝ ի մսանավորի հայերի իրավունքներն ու ազատությունները։

Երեկոյի գեղարվեստական կատարումներն իրականացվեցին Թեհրանի «Ակունք» պարախմբի, Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երիտասարդական և ավագ երգչախմբերի և Ն. Ջ. Հայ մարզամշակութային «Աարարտ» միության մշակութային միավորի «Կռունկ» ասմունքի խմբի անդամների միջոցով։

Ծրագրի հաղորդավարն էր Մարտունի Խաչիկյանը։

Scroll Up