Սփյուռքի նախարարը Վիեննայում մասնակցել է Ճրագալույցի Սբ. պատարագի

«Հայերն այսօր»-ի տեղեկացմամբ, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Ավստրիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի ուղեկցությամբ այցելել է Վիեննայի Հայ Առաքելական Սբ. Հռիփսիմե եկեղեցի և մասնակցել Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին: Պատարագիչն է եղել Ավստրիայի Հայ Առաքելական եկեղեցական համայնքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Անդրեաս քահանա Իսախանյանը, ով վերջում  կատարել է  Տնօրհնեքի արարողություն: Պատարագին ներկա են գտնվել նաև Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի հայրապետական պատվիրակի պաշտոնակատար Հոգեշնորհ Տեր Տիրան վարդապետ Պետրոսյանը, ավստրահայ հավատավոր  ժողովուրդը և այլ հյուրեր:

Հիշեցնենք, որ մինչ այդ նախարարը հանդիպումներ է ունեցել Վիեննայի հայ համայնքի կառույցների ներկայացուցիչների և Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամների հետ, ինչպես նաև ողջույնի խոսքով հանդես է եկել Եվրահայկական 23-րդ խաղերի բացման պաշտոնական արարողությանը: Այսօր երեկոյան նախատեսվում է Սփյուռքի նախարարի հանդիպումը Եվրահայկական խաղերի մասնակիցների հետ:

 

 

 

Scroll Up