«Այլևս մեր կյանքը Հայաստանից դուրս չենք պատկերացնում».սիրիահայ հայրենադարձ բժիշկ
Հայաստանում արտագաղթի կողքին վերջին տարիներին նաև հաճելիորեն նկատվում է հայրենադարձության ալիքը: Բառիս լավագույն դրսևորումներից մեկն էլ սիրիահայ բժշկի կյանքի պատմությունն է, ով այլևս ՀՀ- ի լիիրավ քաղաքացի է:
«Թեև հայրենադարձությանս համար պատերազմը առիթ հանդիսացավ, բայց հայրենիք վերադառալու ցանկություն միշտ եմ ունեցել, սակայն չի հաջողվել: Շատ ուրախ եմ, որ վերջապես Հայաստանում եմ»,- «Հայերն այսօրի» հետ զրույցում անկեղծացավ սիրիահայ հայրենադարձ Խաչիկ Օհանյանը:
Խաչիկ Մկրտչի Օհանյանը ծնվել է 1959 թվականին, Հալեպում դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է Հայաստան և ընդունվել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան: Ուսումնառության 10 տարիները անմոռանալի էին նրա համար, որից հետո վերադարձել է Հալեպ, հիմնել սեփական պոլիկլինիկան, ընտանիք կազմել և սկսել զբաղվել սիրած աշխատանքով:
Սիրիայում բռնկված պատերազմը խաթարեց կյանքի բնականոն ընթացքը, և արդեն կայացած բժիշկը 2016 թվականի սեպտեմբերի 1-ին կրկին հայրենիք վերադարձավ: Մի քանի օր անց նա արդեն աշխատանքի անցավ Թալին քաղաքում ՝ որպես տեղի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի վարիչ և հիվանդանոցի միակ վիրահատող բժիշկ- գինեկոլոգ: Աշխատանքը մարզային փոքր քաղաքում թեև սկզբնական շրջանում ոչ բարենպաստ եղավ բժշկի համար՝ ոչ այնքան բարենպաստ պայմանների պատճառով, բացի հարմարվել է նոր միջավայրին.արհեստավարժությունն ու աշխատանքի նկատմամբ մեծ սերը օգնել են հաղթահարելու բոլոր դժվարությունները:
«Ապրելով օտար ափերում՝ մենք մշտապես հետևել ենք հայաստանյան կյանքին, և վերադարձա՝ քաջատեղյակ առկա դժվարություններին: Երբեք չեմ մտածել այլ երկրում հաստատվելու մասին, չնայած այդ ամենի հնարավորությունը բազմիցս ունեցել եմ:
Երբ աղջկաս առաջարկեցի եղբոր հետ Եվրոպայում ուսանել, կտրականապես հրաժարվեց՝ ասելով, որ չի կարող ապրել մի քաղաքում, որտեղ հայեր չկան»:
Երեք սերունդ է արդեն, ինչ Օհանյանները բնակվում են օտար ափերում, բայց պահպանելով հայկական ավանդական ընտանիքի մոդելը, բոլորովին չեն հեռացել ազգային ակունքներից:
«Շատ հպարտ եմ, որ հայ եմ, հայ անհատներ եմ դաստիարակել և կարողացել եմ այդ զգացումը փոխանցել իմ զավակներին: Ամռանը ընտանիքս ևս՝ կինս երեք զավակներիս հետ կտեղափոխվեն այստեղ. այլևս մեր կյանքը Հայաստանից դուրս չենք պատկերացնում»-, զրույցի վերջում ասաց պատվարժան բժիշկը:
Իսկ այն հարցին, թե որպե՛ս հայ, և որպե՛ս մարդ , որն է համարում իր առաքելությունը Հայաստանում, վերջինս հպարտությամբ ասաց, որ յուրաքանչյուր մարդու բարձրագույն արժեքը մարդ լինելն է՝ անկախ մասնագիտությունից և ազգային պատկանելությունից, իսկ իբրև հայ իմ պարտքն եմ համարում պահանել հայի տեսակը և իմ կատարած մարդասիրական աշխատանքով այլևս ծառայել իմ ազգին»:
Ռուզաննա Ալեքսանյան