Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնը 10 տարեկան է

Մարտի 17-ին Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնը տոնական միջոցառում էր կազմակերպել՝ նվիրված ԱԵԿ-ի ստեղծման 10-ամյակին, որին ներկա են եղել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը՝ թեմի հովվապետերի խմբով, ՀՀ սփյուռքի նախարարության Մերձավոր Սփյուռքի հետ կապերի վարչության պետ Տարոն Շագոյանը, Գյումրիի «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի պատասխանատուները, ՎՀՕՄ-ի Միավորի շատ անդամներ և բազում այլ հյուրեր: Այս մասին «Հայերն այսօր»-ը տեղեկանում է ԱԵԿ-ից
Հայաստանի և Վրաստանի պետական օրհներգերից հետո միջոցառման մասնակիցները ստացել են Սրբազան հոր օրհնությունը: Վերջինս իր խոսքում շնորհավորել է ԱԵԿ-ի 10-ամյակը, բարձր է գնահատել հայ երեխաներին հայեցի դաստիարակություն և կրթություն տալու, Մայրենիին պահպանելու կենտրոնի մանկավարժների բարեխիղճ աշխատանքը՝ մաղթելով հաջողություն և նորանոր ձեռքբերումներ:
ՎՀՕՄ-ի ատենապետուհի Կարինե Թադևոսյանը, ողջունելով ներկաներին, շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքեր է հղեց ԱԵԿ-ի աշխատակազմին:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական խոսքն է փոխանցել Տարոն Շագոյանը:
Վրաստանում ՀՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանի, ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի, Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի շնորհավորական խոսքն է ընթերցել է ԱԵԿ-ի սան Լիլիթ Գաբրիելյանը:
Միջոցառման ընթացքում հաղորդավարները ներկայացրել են կենտրոնի 10 տարիների գործունեությունը: Գեղարվեստական մասում ելույթ են ունեցել ԱԵԿ-ի «ՀԱՅՔ» համույթը, կենտրոնի մյուս սաները, Գյումրիի «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները, ինչպես նաև՝ «Շանթ» հետուստաընկերության «Ժողովրդական երգիչ» նախագծի մասնակից Կարեն Աթոյանը:
Միջոցառման ավարտին Ախալքալաքի Եկ-ն հյուրերի համար կազմակերպել էր հյուրասիրություն: