Հունգարիայի Հայ ազգային ինքնավարության փոխնախագահ Ալեքս Ավանեսյանն այցելեց Սփյուռքի նախարարություն

Հունվարի 25-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց  Հունգարիայի Հայ ազգային ինքնավարության փոխնախագահ Ալեքս Ավանեսյանին:

Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց Հունգարիայի հայ համայնքի պահպանմանն ու համախմբվածությանն ուղղված՝ ազգային գործչի հայանպաստ գործունեությունը, մշակութային ծրագրերի ու միջոցառումների կազմակերպումը, ակտիվ մասնակցությունը երիտասարդ սերնդի կրթական գործընթացի կազմակերպմանն ու հայեցի դաստիարակությանը, պատշաճ ուշադրությունը լեզվի և ինքնության պահպանության հետ կապված հարցերին:

Ալեքս Ավանեսյանը ներկայացրեց համայնքում իրականացրած աշխատանքները, խոսեց առաջիկա անելիքների ու ծրագրերի մասին: Քննարկվեցին Հունգարիայում և Տրանսիլվանիայում 2018թ. Հայաստանի Հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100, Երևանի 2800  ամյակների հոբելյանական միջոցառումների կազմակերպման հետ կապված հարցեր:

Հունգարիայի Հայ ազգային ինքնավարության փոխնախագահը շնորհակալություն հայտնեց հանդիպման և հոբելյանական միջոցառումների կազմակերպման համար նախարարության կողմից տրամադրված տեսանյութերի, գրքերի, տեղեկատվական նյութերի համար:  Որոշվեց կազմակերպել մշակութային շաբաթ, որի շրջանակներում տեղի կունենան ֆիլմերի ցուցադրություններ, ցուցահանդեսներ, շնորհանդեսներ, ընթերցումներ և ընդունելություններ:

Scroll Up