«Արվեստ-խաղ» գիրքը՝ հայ երեխաների գեղագիտական ճաշակի ձևավորող

Նորարարական տեխնոլոգիաների մեծ առաջընթաց ունեցող և արագ քայլերով զարգացող մեր ժամանակներում հետաքրքիր ու աննախադեպ ձեռնարկներով են հանդես գալիս հայ երիտասարդները, որի վառ ապացույցը երեք հրաշալի հայուհիների՝ մասնագիտությամբ լեզվաբան Լիա Մխիթարյանի, գրաֆիկական դիզայներ Լիլիթ Ստեփանյանի և համաշխարհային գրականության մասնագետ Գայանե Այվազյանի ստեղծած «Արվեստ-խաղ» գիրքն է, որի առիթով էլ «Հայերն այսօր»-ի համար զրուցեցի ՀՀ սփյուռքի նախարարությունում հյուրընկալված արվեստասեր, տաղանդավոր, նպատակասլաց հայուհիների հետ: Մեր զրույցի ընթացքում աղջիկները հանգամանորեն ներկայացրեցին իրենց համագործակցության առաջին քայլերը, մտահղացման ծրագրի մեկնարկն ու աշխատանքային գործունեության սկիզբն ու ընթացքը:
-Լիա՛, ասացեք, խնդրեմ, ո՞րն է ձեր նախաձեռնության բուն նպատակը:
– Նախ՝ ասեմ, որ 2012 թվականին մենք ստեղծեցինք «ԷՅՎԱ» արվեստների հիմնադրամը (EYVA arts foudation), որի նպատակը Հայաստանում արվեստի զարգացմանը նպաստելն է և դրսում հայ արվեստը ներկայացնելն ու տարածելը: Համահիմնադիրները ես ու Լիլիթն ենք, հետո մեզ միացավ Գայանեն, ում հետ, մինչև հիմնադրամի ստեղծումն, աշխատել էինք: Մեր աշխատանքում ամեն մեկն ունի իր պարտականությունները, սակայն, ընդհանուր առմամբ, այն թիմային աշխատանք է: Հաշվի առնելով մեր երկրում մշակույթի, արվեստի ոլորտում նման գրքերի, հետաքրքիր նյութերի, խաղերի եղած պակասը՝ ձեռնարկեցինք «Արվեստ–խաղ» գիրք ստեղծելը: Բնականաբար, մեր հիմնադրամի նպատակը նաև այս նախաձեռնությունը իրականացնելուն աջակցելն էր:
-Ի՞նչ ծրագրեր եք կյանքի կոչել «ԷՅՎԱ»-ի աջակցությամբ:
-Մենք ունենք կրթական, սոցիալական մի շարք ծրագրեր, իսկ համահայկական ծրագրեր սկսեցինք 2015 թվականից՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին. ստեղծեցինք «100 տարի-100 արվեստ» նախագիծն ու այն կյանքի կոչեցինք: Կայք ստեղծեցինք, որտեղ զետեղեցինք 1915-ից 2015 թվականներին ապրած ու ստեղծագործած աշխարհի բոլոր հայ նկարիչների՝ Ցեղասպանության թեմաներով արված աշխատանքները, ստեղծեցինք առցանց կատալոգ. նկարիչները www 100 years 100 arts.com հասցեով կարող են մեզ հիմա էլ ուղարկել իրենց նկարները: Կայքն անընդհատ թարմացվում է: Սա համահայկական մի մեծ ծրագրի մեկնարկ էր: Մյուս ձեռնարկը մեր խաղի ստեղծումն էր, որի մասին կարող ենք ասել, որ այն Հայաստանում արվեստ ուսուցանող առաջին խաղ-գիրքն է, որը շուտով կվաճառվի նաև «Բյուրոկրատ» գրախանութում: Այն քարտային խաղ է, տպագրել ենք հազար օրինակից, մեզ հովանավորել է ՀՀ մշակույթի նախարարությունը, Երկրի Նախագահի դրամաշնորհային աջակցությունն ունեցանք, ծրագիրը կյանքի կոչելուն նպաստեց Եվրոմիությունը, ՄԱԿ-ի հայկական գրասենյակը, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների հիմնադրամը, և այս նյութական ու բարոյական աջակցությունների շնորհիվ մենք կարողացանք ոչ միայն ստեղծել խաղը, այլև՝ այդ խաղից որոշակի քանակ նվիրաբերել մարզերում, գյուղերում ապրող երեխաներին և հիվանդ երեխաներին: Խաղի նոր թողարկումից հետո նախատեսում ենք մի խմբաքանակ էլ նվիրել սահմանամերձ շրջանների, գյուղերի երեխաներին: Գիրքը վաճառվում է առցանց:
-Հարցս ուղղեմ Լիլիթին՝ ո՞ր տարիքի երեխաները կարող են օգտվել դրանից, մանրամասնեք, խնդրեմ, խաղի բնույթը:
– Այն նախատեսված է 5-ից բարձր տարիքի երեխաների, պատանիների համար. ասեմ, որ ծնողներին էլ է խաղը շատ հետաքրքրում. կարելի է ասել, որ այն նաև ընտանեկան խաղ է: Իմաստալից, հետաքրքիր խաղ է, որը արվեստի հանդեպ գեղագիտական ճաշակ է ձևավորում, գիտելքներ է տալիս երեխաներին՝ հայ արվեստի, մեր աշխարհաճանաչ նկարիչների մասին: Այս խաղ-գիրքը ներառում է 12 հայ նկարիչների (Հակոբ Հովնաթանյան, Հովհաննես Այվազովսկի, Գևորգ Բաշինջաղյան, Վարդգես Սուրենյանց, Մարտիրոս Սարյան, Երվանդ Քոչար, Հարություն Կալենց, Հակոբ Հակոբյան, Սերգեյ Փարաջանով, Գրիգոր Խանջյան, Մինաս Ավետիսյան,Աշոտ Հովհաննիսյան) առավել հայտնի ստեղծագործությունները պատկերող խաղաքարտեր՝ երեխաների հետ թե՛ խմբային, թե՛ անհատական խաղեր կազմակերպելու համար, ինչպես նաև՝ ուշագրավ տեղեկություններ պարունակող պատկերավոր գրքույկ: Խաղն ուղղակի կոչել ենք՝ «Արվեստ»:
-Գայանե՛, Դուք ի՞նչ կարող եք ասել «Արվեստ-խաղ» գրքի մասին, ի՞նչ հեռանկարներ ունի այն, հասանելի՞ է արդյոք Սփյուռքում ապրող հայ երեխաներին:
–Ուրախությամբ և հպարտությամբ պետք է ասեմ, որ մեր ստեղծած խաղն իր պատվավոր տեղն է գտել Ամերիկայի հայկական թանգարանում, Նյու Յորքի հայտնի (MOMA) ժամանակակից արվեստների թանգարանի գրադարանում: Այն պարզապես խաղ չէ, նաև գեղագիտական յուրօրինակ ճամփորդություն է, որը վերարժևորում է ստեղծագործ ուսուցման ուղիները և մշակութային յուրօրինակ կամուրջ դառնում երեխայի մտածողության և արվեստի միջև։ Մենք ցանկանում ենք, որ այն տարածում գտնի նաև Սփյուռքում, ուստի որոշեցինք դիմել նաև ՀՀ սփյուռքի նախարարությանը և խորհրդակցել հարգարժան նախարարի հետ:
Նշեմ նաև, որ այս ծրագիրը կյանքի կոչելու հարցում մասնագիտական մի մեծ թիմ է աշխատել՝ նկարիչներ, ձևավորողներ, գեղագիր, խմբագիր և այլ մասնագետներ:
-Լիա՛, ո՞ւմ հետ եք կարևորում ձեր համագործակցությունը՝ խաղն իրացնելու համար, ովքե՞ր են ճիշտ հասցեատերերը:
-Շատ ենք կարևորում համագործակցությունը թանգարանների հետ. մեր ֆեյսբուքյան էջում կարող եք հանդիպել նման գրառումների՝ «Արվեստ» խաղը կարող եք ձեռք բերել՝ այցելելով Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան: Համագործակցել ենք Փարաջանովի թանգարանի հետ. կարևոր է, որ մեր ցանկում ընդգրկված նկարիչների թանգարանները կան Հայաստանում, և երեխաները կարող են այցելել: Երեխաները տվյալ նկարչի գործերը կարող են տեսնել նրանց թանգարաններում և այնտեղից ձեռք բերել խաղը. սա միանգամից մի քանի կարևոր քայլի խթանում է՝ երեխան այցելում է մեծանուն նկարչի թանգարան, հասկանում թանգարանի բուն էությունը և տեսնում նկարների բնօրինակները, գնում խաղը: Այժմ համագործակցում ենք «ԱՅԲ» դպրոցի հետ, նաև Էրեբունու դպրոցներից մեկից են որոշակի քանակ ձեռք բերել. դեռ շատ անելիքներ ունենք: Անհրաժեշտության դեպքում մենք լինում ենք տվյալ դպրոցում և ուսուցչին, տվյալ դեպքում՝ կերպարվեստի, բացատրում խաղի կանոնները, որպեսզի նրանք էլ ներկայացնեն երեխաներին:
-Այդ խաղի նախատիպը կա՞ր աշխարհում և ո՞ր երկրի օրինակն է ձեզ առավել հետաքրքրել:
-Անշու՛շտ. զարգացած երկրներում վաղուց են կյանքի կոչվել նման նախագծեր: Մենք շատ երկար ենք ուսումնասիրել եղած օրինակները, բազմաթիվ նյութեր ենք գնել, ձեռք բերել, ճամփորդել ենք տարբեր երկրներով, դիտարկել նման խաղերի հաջողությունները: Ասեմ, որ դրսում երեխաներին արվեստին ավելի շատ են մոտեցնում. այդ գաղափարն ենք ցանկանում զարգացնել նաև մեզանում: Ուսումնասիրելով ուրիշ երկրների նման խաղերի ձևաչափերը՝ մենք առանձին մասեր ենք վերցրել, սակայն հիմնականում մեր աշխատանքում սեփական մտահղացումներն ենք օգտագործել: Խաղ կա, որն ամբողջությամբ ինքներս ենք ստեղծել, մշակել:
– Լիլի՛թ, ձեզ ճանաչու՞մ են Հայաստանում, մեր հասարակության լայն շերտերն արդյոք ծանո՞թ են խաղին:
-Մեր ստեղծած խաղը մեկ ամսվա պատմություն ունի և բուռն կերպով քննարկվում է. մասնագիտական ոլորտներում մեզ, իհարկե, ճանաչում են: Մենք ցանկանում ենք, որ խաղը լայն տարածում գտնի Սփյուռքում, որովհետև այն հայապահպանական զգալի նշանակություն ունի:
-Ո՞րն է լինելու ձեր աշխատանքի շարունակությունը, Գայանե՛:
-Հետագայում էլ կշարունակենք անդրադառնալ մյուս հայ նկարիչներին, համաշխարհային նկարիչներին, ճարտարապետությանը, հնարավոր է՝ նաև երաժշտությանն ու երգարվեստին:
Իմ այն հարցին, թե արդյոք աղջիկները գո՞հ են սեփական աշխատանքի արդյունքներից՝ երեքն էլ արձագանքեցին ժպիտներով, այնուհետև հավելեցին, որ հաջորդ «Արվեստ-խաղ» գիրքը նվիրվելու է հայ քանդակագործներին:
Զրուցեց Կարինե Ավագյանը