«Հասարակական-քաղաքական, ազգային աշխատանքներ կատարելու համար պետք է որոշակի զոհողությունների գնալ». Հովհաննես Թասլաքյան

ՀՀ սփյուռքի նախարարությունում հյուրընկալված լիբանանահայ հասարակական-քաղաքական և ազգային գործիչ, Համազգայինի կենտրոնական վարչության անդամ, ՀՀ սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի անդամ Հովհաննես Թասլաքյանի հետ հարցազրույց անցկացվեց «Հայերն այսօր»-ի խմբագրությունում, որը ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը:
-Պարո՛ն Թասլաքյան, Դուք, կարելի է ասել, ամբողջովին զբաղված եք հասարարական աշխատանքով. ներկայացրեք, խնդրեմ, Ձեր ծավալած աշխատանքային գործունեությունը:
-Անշու՛շտ, ամբողջովին ներգրավված եմ հասարակական աշխատանքի մեջ, որն անում եմ ամենայն սիրով ու պատասխանատվությամբ: Ատամնաբույժ եմ, աշխատում եմ նաև իմ մասնագիտությամբ, սակայն հասարակական գործունեությունս ծավալել եմ մշակութային և կուսակցական դաշտում: Շատ ելույթներ եմ ունեցել լիբանանյան հեռուստատեսությամբ, Քաթարում, Ֆրանսիայում՝ Մոնտե Կառլոյի ռադիոկայանով, հրապարակախոսական նյութեր եմ ունեցել մամուլում: «Հայ դատ»-ի ներկայացուցիչն եմ եղել Բեյրութում: Ամենուր ներկայացրել եմ «Հայ դատ»-ի, մեր կուսակցության՝ Դաշնակցության նպատակների, աշխատանքների, ակնկալիքների վերաբերյալ ունեցած մեր տեսակետը:
-Ատամնաբույժի՝ Ձեր մասնագիտական աշխատանքին կարողանու՞մ եք ներդաշնակորեն համադրել հասարակական-քաղաքական գործունեությունը և արդյո՞ք մեկը մյուսին չեն խանգարում:
– Սովորաբար, Սփյուռքում հասարակական գործը կամավոր բնույթ ունի, և շատե՛րն են իրենց սեփական աշխատանիքից դուրս՝ զբաղվում նաև հասարակական աշխատանքով, համայնքային կյանքով.այդ երկուսն իրար չեն խանգարում, չեն հակասում: Եթե հասարակական աշխատանքում ամբողջապես մխրճվես, անշուշտ, կունենաս դժվարություններ, անձնական գործիդ մեջ զիջումներ պիտի անես:
–Պարո՛ն Թասլաքյան, ո՞րն է հասարակական աշխատանքին ինքնամոռաց նվիրումի ակունքը, ընտանեկա՞ն ավանդույթի հետևանք է…
-Դա գալիս է ստեղծված որոշակի մթնոլորտից, որում, անշուշտ, իրենց դերակատարումն ունեն և՛ ընտանիքը, և՛ դպրոցը, ապրածդ միջավայրը, հասարակական կառույցները, կուսակցությունները և, ի հավելումն այդ ամենի, նաև՝ հայրենասիրությունը: Հասարակական աշխատանք տանելու համար պետք է նաև որոշակի զոհողությունների գնալ սեփական հանգստի հաշվին: Շատ կան հայրենասեր հայեր, սակայն ամեն մարդ չէ, որ պատրաստակամ է՝ ներգրավվելու հասարակական աշխատանքներում:
-ՀՀ սփյուռքի նախրարության հետ ինչպե՞ս սկսվեց Ձեր բարեկամությունը:
– Հայաստանի հետ կապերս վաղուց են եղել. որպես Համազգայինի կենտրոնական վարչության անդամ՝ ավելի լայն հնարավորություն և շատ առիթներ եմ ունեցել ճանաչելու Հայաստանը քաղաքական, մշակութային և այլ տեսանկուններից: Հետևաբար, երբ կազմվեց ՀՀ սփյուռքի նախարարին կից հասարակական խորհուրդը, Համազգայինի կենտրոնական վարչությունն ինձ լիազորեց ՝ որպես այս գործի ներկայացուցիչ:
-Պարո՛ն Թասլաքյան, գո՞հ եք, որ այդ գործի, հասարակական խորհրդի ներկայացուցիչն եք, բազմազբաղ եք, կտրվում եք Ձեր մասնագիտական աշխատանքից. այս հասարակական խորհուրդի հանդիպումներն ի՞նչ են տալիս :
-Դժգոհ լինելու պատճառներ չկան, սակայն ակնկալիքներն են ավելին՝ գործին առավել հնչեղություն հաղորդելու, այն ավելի զարգացնելու առումով: Այս խորհրդի նիստերը և տիկին Հրանուշ Հակոբյանի հետ ունեցած հանդիպումները, նրա խորհուրդներն օգտակար են այս առումով: Հավաքական մտքերը, աշխատանքներն ավելի օգտակար են և արդյունավետ:
-Քանի՞ տարի է, ինչ ներգրավված եք հասարակական գործունեության մեջ:
-20 տարեկանից հասարակական աշխատանքների մեջ եմ. Բեյրութում «Զավարյան» ուսանողական միություն ունենք, որում այդ տարիքից ընդգրկվել եմ և դարձել վարչության անդամ. հե՛նց այդ տարիներից էլ այս դաշտում եմ:
-Ո՞րն է տարիների ընթացքում հասարակական գործունեության ոլորտում Ձեր ամենամեծ ձեռքբերումը, ազգայինի համար արված ամենից արդյունավետ աշխատանքը…
-Անջատ, մեկ օրակարգով պետք չէ ներկայացնել հարցերը. այն, ինչ արել եմ գումարով, դա արել եմ իմ խղճի մտոք: Այդ բոլորը կատարել եմ հաճախ հասկացվելով, երբեմն՝ չհասկացվելով, ունեցել եմ, անշուշտ, նաև հոգնության պահեր, սակայն իմ տրամաբանությանը համապատասխանող եզրակացությունն ինձ հոգեկան մեծ գոհունակություն է պարգևել, որովհետև իմ առաջ քաշած գաղափարը օգտակա՛ր է եղել, իրականությու՛ն է դարձել: Գաղափարը կարող է մեկը տալ, այնուհետև այն կհասունանա, և կսկսվի իրականացման ընթացակարգը. գործը միասին ենք անում:
-Վերհիշեք, խնդրեմ, Ձեր հետաքրքիր, կարևոր, արդյունավետ և իրականություն դարձած գաղափարներից մեկը:
-Օտար հասարակության ուսանողությանը մեզ ներկայացնելու, մեզ ճանաչելի դարձնելու համար, դեռևս 20-21 տարեկանում, մի խմբով որոշել էինք օտար լեզվով հրատարակություն ստեղծել և «Զավարյան» անունով հրատարակություն հիմնեցինք, ուր ներկայացրեցինք մեր տեսակետները.այդ գործը շարունակվել է 30 տարի: Այս գաղափարի իրագործման գոհունակությունը մինչև հիմա զգում եմ: Կրթական ոլորտում՝Համազգայինի առումով, մտածում եմ փորձել կրթական համակարգի գործունեությունը դուրս բերել սիրողական որոշ մակարդակից և դրանք դնել մասնագիտական հունի մեջ: Լիբանանում, 2005-ի քաղաքական տագնապի ժամանակ ստեղծված իրարանցումի ընթացքում, մենք մեր տեսակետը պարզելու պարտավորությունն ունեինք. եթե մեր տեսակետը մենք կարողացել ենք ճիշտ բանաձևել և հասկանալի ներկայացնել քաղաքական շրջանակներին, և այդ շրջանակները, ընդունելով մեր տեսակետը, որոշ չափով իրենց կարծիքը փոխել են, կարծում եմ, որ դա ևս հաջողություն է:
-Պարո՛ն Թասլաքյան, շնորհակալությու՛ն բովանդակալից, հետաքրքիր զրույցի համար. մաղթում եմ, որ Ձեր հասարակական-քաղաքական, ազգային գործունեությունը երկար կյանք ունենա՝ ի շահ և ի նպաստ ոչ միայն Լիբանանի, այլև՝ համայն հայության:
Հարցազրույցը՝ Կարինե Ավագյանի