Տագանրոգ քաղաքի «Նաիրի» հայկական համայնքը 20 տարեկան է
ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի «Նաիրի» հայկական ազգամշակութային ինքնավարությունը ստեղծվել է 1997 թվականին՝ մշակութային, կրթական և հոգևոր ոլորտները զարգացնելու, հայ-ռուսական հարաբերություններն առավել սերտացնելու, ինչպես նաև գործարար շրջանակների հետ համագործակցությունն ընդլայնելու համար:
Որոշ դադարից հետո՝ 2010 թվականին, Տագանրոգի հայկական համայնքը վերսկսել է գործունեությունը՝ ստեղծելով «Ուրարտու» պարախումբը, իսկ 2011 թվականին՝ վերաբացել է կիրակնօրյա դպրոցը: Ի դեպ, դպրոցն այժմ տասնհինգ աշակերտ ունի, իսկ պարախումբը՝ քառասուն պարող:
Ռուսաստանաբնակ հայ երեխաները, դպրոցում սովորելով հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն առարկաները, օտարության մեջ չեն կորցնում իրենց ինքնությունն ու ազգային նկարագիրը: Բացի փոքրահասակներից և երիտասարդներից, դպրոց են հաճախում նաև Տագանրոգում ծնված այն մեծահասակները, ովքեր ցանկանում են ծանոթանալ հայկական ավանդույթներին, մշակույթին և սովորել Մայրենին:
Համայնքի կայացման գործում նշանակալի ավանդ ունի համայնքի անդամներից Լուիզա Ադամյանը, ով 1992 թվականին Գյումրիից տեղափոխվելով Տագանրոգ՝ սկսել է հայրենասիրական գործունեություն ծավալել:
«Հայերն այսօր»-ի հետ զրույցում Լուիզա Ադամյանն ասաց, որ համայնքային գործը ժրաջանորեն կազմակերպում է իր գործընկերների՝ Նշան Ղազարյանի, Սոնա Օհանջանյանի, Լարիսա Խուրշուդյանի և Արսեն Մկրտչյանի հետ՝ նպաստելով օտարության մեջ ապրող հայ երեխաներին հայեցի կրթություն և դաստիարակություն ստանալուն:
Լուիզա Ադամյանի խոսքով, Ռուսաստանում հայկական մշակույթի օրերի շրջանակներում Տագանրոգ քաղաքի մշակութային տներում և կրթական հաստատություններում մի շարք միջոցառումներ են կազմակերպվել, որին անմիջական մասնակցություն է ցուցաբերել «Նաիրի» համայնքը: Հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած հայկական պոեզիայի գրական երեկոյի ընթացքում կիրակնօրյա դպրոցի աշակերտները ներկաներին ջերմ մթնոլորտում ծանոթացրել են հայ գրողների կենսագրությանն ու ստեղծագործություններին՝ սկսած 5-րդ դարից:
Համայնքում և դպրոցում նշվում են ազգային, եկեղեցական և պետական տոները, որոնք մեծ խանդավառություն են առաջացնում ոչ միայն հայերի, այլ՝ Տագանրոգում ապրող մյուս ազգությունների մոտ: Բարի ավանդույթ է դարձել երեխաներին ամանորյա ժպիտներ պարգևելը. տարեվերջին կազմակերպվող տոնական հանդեսին հայ մանուկները տոնածառի շուրջ բացի երգելուց, պարելուց և արտասանելուց, անհամբերությամբ սպասում են Ձմեռ պապիի հայտնվելուն՝ ստանալու իրենց նվերները:
«Նաիրի» հայկական համայնքը համագործակցում է նաև ՀՀ սփյուռքի նախարարության հետ, որի արդյունքում «Ուրարտու» պարախմբի ութ պարողներ այս տարի մասնակցել են Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրին: Ինչպես վստահեցնում է Լուիզա Ադամյանը, հետագայում պատրաստակամ են սերտացնել համագործակցությունը՝ մասնակցելով մյուս ծրագրերին նույնպես:
2017 թվականը հոբելյանական տարի է «Նաիրի» համայնքի համար. նոյեմբերի 11-ին լրացավ համայնքի կազմավորման 20-ամյակը, որը մեծ շուքով հատուկ տոնակատարությամբ է նշվել:
Բացման խոսքում համայնքի նախագահի տեղակալ Ավետիք Սարիբեկյանը ներկայացրել է համայնքի ստեղծման պատմությունը, անցած ուղին և շնորհակալություն հայտնել Ն. Ղազարյանին, Վ. Սարիբեկյանին և Ս. Համբարյանին՝ համայնքի կազմավորման հիմքերն ամուր դնելու համար:
Մշակույթի տան նախասրահում, որտեղ կազմակերպվել է միջոցառումը, հյուրերին ցուցադրվել է հայկական մշակույթը՝ ազգային տարազներով, ուտեստներով, արհեստագործական առարկաներով, երիտասարդները հայկական ավանդական ըմբշամարտի՝ «Կոխ»-ի ցուցադրական մենամարտն են կազմակերպել, իսկ կիրակնօրյա դպրոցի սաները` «Կիկոսի մահը» հայկական ժողովրդական հեքիաթը բեմականացրել:
Միջոցառմանը ներկա են եղել համայնքային, քաղաքային իշխանությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ հյուրեր: Ընթերցվել է նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը, որը ոգևորել և հուզել է ռուսաստանաբնակ հայերին:
Շնորհավորական խոսք է ասել Դոնի Ռոստովի «Դոնի Նախիջևան» համայնքի նախագահ, մարզային դումայի պատգամավոր Հարություն Սուրմալյանը: Տագանրոգ քաղաքի ղեկավար Անդրեյ Լիսիցկու շնորհավորական խոսքն է փոխանցել Տագանրոգի քաղաքապետարանի գործերի կառավարիչ Մաքսիմ Բակսովը՝ նշելով, որ հայերը Տագանրոգում ապրող մյուս ազգերի հետ մեծապես նպաստել են քաղաքի տարբեր ոլորտների զագացմանը: Մաքսիմ Բասկովը քաղաքապետարանի և քաղաքային դումայի շնորհակալական նամակներ է հանձնել ինքնավարության նախագահ Վազգեն Սարիբեկյանին և համայնքի մյուս ակտիվ ներկայացուցիչներին՝ ազգամիջյան հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար:
Միջոցառման ավարտին տեղի է ունեցել տոնական համերգ՝ հայ համայնքի ստեղծագործական համույթների մասնակցությամբ:
Գևորգ Չիչյան