Հավատա՛նք վաղվա օրվան

«Որպես ապագա բժիշկ՝  առաջին հերթին պարտավոր եմ ծառայել  Հայրենիքիս». Աննա Սայադյան

 

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ու աջակցությամբ,  ՀԲԸՄ գրասենյակի,  «Լույս»  և  «Այբ»  հիմնադրամների հովանու  ներքո «Հայաստան. ստեղծենք միասին»   ծրագրի շրջանակներում  ձևավորված «Բժշկություն և առողջապահություն» աշխատանքային  խմբում ընդգրկված  մասնակիցներից մի քանիսի հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը :

Գարիկ Չատինյան, Երևանի Մ.  Հերացու անվան պետական բժշկական համալսարան, մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող

Ես այս ծրագրում ընդգրկվել եմ «Լույս» հիմնադրամի կողմից,  համոզված եմ, որ այս օրերին շատ բան կսովորենք մեկս մյուսից. մեր  խմբում ընդգրկված են նաև  արտերկրում սովորող և  այնտեղ ապրող ուսանողներ, երիտասարդ մասնագետ-բժիշկներ, որոնցից մեկն Ալեն Չաղլասյանն է, ով ավարտել է Լոնդոնի  թագավորական համալսարանը,  աշխատել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում,  և,  բնականաբար,  մենք նրանից շատ բան ունենք սովորելու:  Բժշկությունն  այն գիտությունն է,  որի հիմքերն ընդհանրապես չեն փոխվում կամ փոխվում են  շատ ուշ-ուշ և այդ առումով,  ինչ-որ չափով համարյա նույն մակարդակի վրա ենք՝  համեմատելով մեր բժշկությունն արտերկրի  նույն ոլորտի հետ,  սակայն հետագա նեղ մասնագիտացման ընթացքում, բնականաբար, արևմտյան երկրների  փորձն ավելի շատ է,   նրանց մոտ գիտական աշխատանքներն ավելի ինտենսիվ են տարվում  և, ըստ այդմ, նրանց կրթական ծրագրերում նորամուծություններն ավելի շատ են: Հիմնականում լեզվի  խնդիր կա,  քանի որ մասնագիտական նոր,  թարմ գրականությունը մինչև թարգմանվում է  անգլերենից  ռուսերեն կամ հայերեն  և  մեր համալսարանի կողմից ներառվում է  կրթական ծրագրում,  տարիներ է տևում այդ գործընթացը,  և մենք մի քանի տարով ետ ենք մնում:  Եթե ուսանողն   արդիական մակարդակով կրթություն ստանալու ցանկություն ունի,  ապա  նա չպետք է հիմնվի միայն  համալսարանում  տված գիտելիքների վրա . նա  լեզվի խնդիր չպետք է ունենա և բացի անգլերենից՝  պետք է սովորի  այլ լեզուներ ևս. իմ կարծիքով ավելի արդիական է գերմաներեն լեզուն,  որով խոսում,  գրում ու հաղորդակցվում են աշխարհի՝ բժշկության ասպարեզում զարգացած գերմանախոս երկրները:  Համալսարանը մեզ չի սովորեցնում աշխատել, սովորեցնում է տեսական գիտելիքներ.  իմ կարծիքով ոչ մի  ուսանող,  աշխատող ոչ մի բժիշկ չի կարող ասել,  որ ինքը միայն Բժշկական համալսարանի տեսական գիտելիքներով կարող է բժշկական  պրակտիկ  գործունեություն ծավալել.  դա ինչ-որ տեղ կարելի է ասել,  որ թերապիայում  արդիական է, որովհետև թերապիայի համար ավելի կարևոր են  տեսական գիտելիքներն   ու փորձը,  իսկ վիրաբուժական պրակտիկայում ավելի կարևոր է պրակտիկ գործունեությունը. ես տեսել եմ  գերազանցության վկայագրերով ավարտած շատ  օրդինատորների, ովքեր, վիրահատարան մտնելով,  արյունահոսությամբ բերված հիվանդների  հետ չգիտեին  ինչպես վարվել, երբեմն այնքան են շփոթվում, որ  չեն կարողանում կողմնորոշվել:  Վիրաբույժին ավելի շատ փորձ  է պետք, իսկ թերապիան ավելի շատ  վերլուծական մտածողություն է պահանջում, վիրաբուժությունն առավել պահանջում է  տարածական պատկերացում:

Տիգրան    Ղարդյան ,  Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի  ընդհանուր  բժշկության   բաժնի  3-րդ կուրսի ուսանող

-Այս ծրագրի մասին  իմացել  եմ ուսխորհրդից,  այնտեղից էլ մեզ ուղարկեցին. սկզբում այնքան էլ լավ չէի պատկերացնում  այս հավաքի խորհուրդը,  իմ անելիքը , սակայն պարոն Յաղջյանի հետ  ունեցած հանդիպման ժամանակ արդեն  պարզ դարձավ ամեն ինչ:  Շատ ուրախ եմ,  որ հնարավորություն ունեմ գործնական աշխատանքում շփվել արտերկրում սովորող  մեր հայրենակիցների հետ,  սովորել նրանցից,  համագործակցել:  Սա մեծ   փորձառության հնարավորություն է:  Լավ կլինի,  որ այս ծրագիրն աշխատի,  կայանա և շարունակական ընթացք ունենա:

Աննա    Սայադյան,  Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի   ընդհանուր բժշկության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի

-Այս ծրագրի մասին տեղեկացել եմ Բժշկական համալսարանի միջազգային կապերի  հանձնաժողովից:  Աշխատելու եմ իմ ավագ ընկերների՝  մագիստրոսների և արտերկրից եկած, աշխարհի բարձրակարգ բժշկական հաստատություններում սովորող մեր հայրենակիցների հետ:  Եթե  ուսումս արտերկրում  շարունակելու և  հետագայում այնտեղ աշխատելու հնարավորություն ընձեռվի ինձ,  միևնույն է, ես անպայմա՛ն իմ Հայրենիքում պետք է ներդրումներ անեմ,  իմ լուման  ներդնեմ Հայաստանի բժշկության ոլորտում, որովհետև ես հայուհի եմ  և իմ պարտքն եմ համարում մասնագիտական  հմտություններս օգտագործել ի շահ իմ երկրի,  իմ պետության,  իմ հայրենակիցների: Ես, որպես  ապագա բժիշկ, առաջին հերթին  պարտավոր եմ ծառայել իմ Հայրենիքին:

Անշուշտ,  այս խոստումնալից երիտասարդնե՛րն են մեր  Հայրենիքի վաղվա  օրը կերտողները,  հայրենական գիտության,  արվեստի ու մշակույթի ջահակիրները. նրանցից   յուրաքանչյուրը  մեծ ներուժ  է.  այսօրվա ուսանողը   մեր ապագայի  սյուներից  մեկն  է,   մեր գիտության ու լույսի տաճարների   զանգի  մի ղողանջը: Հավատա՛նք վաղվա օրվան:

Կարինե Ավագյան

2 3

Scroll Up