Ամերիկահայ բարերար Մանուկ Դերմենջյանը պարգևատրել է ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե հուշամեդալով

Արարատի մարզի Նորամարգ համայնքում դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել ամերիկահայ բարերար Մանուկ Դերմենջյանի կողմից հիմնովին վերանորոգված դպրոցի բացման արարողությունը, որին ներկա էր նաև Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, ՀՀ Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը և այլք: Հյուրերը շրջայց կատարեցին հիմնանորոգված դպրոցում, ծանոթացան դպրոցի պայմաններին: Դպրոցի աշակերտները ներկայացրին պարային կատարումներ, ասմունք և հայկական խոհանոցի կերակուրներ:

Սերժ Սրապիոնյանը ներկաներին փոխանցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը՝ նշելով, որ նախարարը մեծ կարևորություն է տալիս մեր հայրենակիցների իրականացրած աշխատանքներին՝ հատկապես Հայաստանի սահմանապահ գյուղերում, և ապա ասաց. «Մենք տպավորված ենք բարերարի կատարած գործերով, հայկական ոգով, որի վառ օրինակներից է այս դպրոցի վերանորոգումը, խորապես շնորհակալ ենք Մանուկ Դերմենջյանին՝ ազգապահպան  գործունեություն ծավալելու համար»:

ՀՀ սփյուռքի նախարարի հրամանով Սերժ Սրապիոնյանը Մանուկ Դերմենջյանին պարգևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության հուշամեդալով, որը հանձնվեց բարերարի ներկայացուցիչ և վստահված անձ Սուրեն սարկավագ Գևորգյանին: Արարողության ընթացքում բացվեց նաև բարերարի տատիկի՝ Ագապի Քադեշյանի հուշատախտակը:

 Հավելենք, որ բարերարը հիմնովին վերանորոգել է նաև Գյումրու թիվ 3 օժանդակ դպրոցը և կառուցել խաղահրապարակ:

Scroll Up