Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հանդիպումը Լիոնի հայազգի քաղաքապետի հետ

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում նոյեմբերի 28-ին հանդիպել է Լիոնի հայազգի քաղաքապետ Գևորգ (Ժորժ) Կեպենեկյանին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են հայ-ֆրանսիական հարաբերությունները, քննարկել են հատկապես 2018թ. հոկտեմբերին տեղի ունենալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցակցման հետ կապված հարցեր, որին նախատեսվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությունը:
Լիոնի քաղաքապետը և Սփյուռքի նախարարը քննարկել են մարտ ամսին Գևորգ Կեպենեկյանի Հայաստան կատարելիք հնարավոր այցի մանրամասները: Հրանուշ Հակոբյանը և Լիոնի քաղաքապետն արծարծել են կրթության, ճարտարապետության, բժշկության ոլորտներին առնչվող հարցեր: Կարևորվել է բարձր տեխնոլոգիաների շուրջ համագործակցությունը՝ մատնանշելով Երևանում գործող Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի առկայությունը:
Կողմերն անդրադարձել են նաև Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հեռանկարներին, համայնքի ակտիվությանը, հայկական դպրոցներում հայոց լեզվի ժամաքանակի ավելացման խնդիրներին, հայկական մշակույթի կենտրոնների և Հայ Առաքելական եկեղեցու գործունեությանը վերաբերող հարցերին: Կարևորվել են շախմատի մասնագետների գործուղումը Լիոն, ինչպես նաև Ֆրանսիայում շախմատի տարածման խնդիրները:
Հանդիպման ավարտին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նախարարության Ոսկե հուշամեդալով է պարգևատրել Գևորգ (ժորժ) Կեպենեկյանին:
Հանդիպումից հետո նախարարը և քաղաքապետն այցելել են Լիոնի Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը հավերժացնող հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել:
Նույն օրը Հրանուշ Հակոբյանը հանդիպել է ֆրանսահայ գործարարների հետ և քննարկել ոչ միայն հայ, այլ նաև ֆրանսիացի գործարարների՝ Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունները:
Հանդիպմանը ներկա են գտվել Լիոնում ՀՀ փոխհյուպատոս Գայանե Մանուկյանը, Կենտրոնական Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ Րաֆֆի Կրիկորյանը, Լիոնի քաղաքապետարանի Հայաստանի ծրագրերի ղեկավար Իզաբել Լակյանը և պաշտոնատար այլ անձինք: