Հանդիպում Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Արմաշ արքիեպիսկոպոս Նալբանդյանի և Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի ծառայությունից, նախարարը համայնքի ներկայացուցիչներին տեղեկացրել է Սիրիա կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների և տարբեր պաշտոնյաների հետ տեղի ունեցած քննարկումների արդյունքների մասին: Նա նշել է, որ ուրվագծվել են նախադրյալներ՝ ստեղծելու համատեղ արտադրություններ և սիրիացի գործարարներին հնարավորություն ընձեռելու, Հայաստանում արտադրություն ծավալելով, մուտք գործել ԵԱՏՄ և ԵՄ շուկաներ: Ջերմ և անմիջական մթնոլորտում նախարարը ներկաների հետ քննարկել է համայնքի խնդիրները, ինչպես նաև պատասխանել է դամասկոսահայությանը հուզող հարցերին:
Սիրիա կատարած այցի շրջանակներում Հայաստանի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև ՍԱՀ ներդրումների հիմնարկությունում և Սիրիայի առևտրաարդյունաբերական պալատում: