‹‹Համահայկական համաժողովը հաջող ընթացք ունեցավ››.Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/09/maxresdefault.jpg)
‹‹Մեծապես ուրախ եմ «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին ներկա գտնվելու համար, կարծում եմ` համաժողովը հաջող ընթացք ունեցավ, բոլոր քննարկումներն արդյունավետ էին: Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի հայությունը մեկտեղվեց՝ քննարկելով բոլորիս մտահոգություններն ու անելիքները››,-‹‹Հայերն այսօր››-ի հետ զրույցում ասաց Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանը՝ հավելելով, որ կազմակերպվող այս համաժողովներն իրենց ուրույն տեղն են ունենալու Հայաստանի և հայ ժողովրդի կյանքում:
Սրբազան հայրը, խոսելով Ռումինիայի հազար տարուց ավելի պատմություն ունեցող համայնքի մասին, տեղեկացրեց, որ 3000 հայ է ապրում, որոնք հիմնականում կենտրոնացված են Բուխարեստում, հայեր կան գրեթե բոլոր քաղաքներում: Նշեց նաև, որ համախմբված համայնք է, գործող հայկական կառույցները համահայկական հարցերում բռուցքված են՝ հետամուտ լինելով Հայ դատի և Արցախի հիմնախնդրի լուծմանը:
Անդրադառնալով հայկական համայնքի հոգևոր կյանքին՝ նա ասաց, որ ռումինահայերը եկեղեցակենտրոն են, մասնակցում են պատարագներին՝ փորձելով հաղորդ լինել բոլոր արարողություններին: Սակայն համայնքում գերխնդիր է մնում խառնամուսնությունների, Մայրենիի պահպանման հարցը, քանի որ մարդկանց ճնշող մեծամասնությունը հայերեն չի խոսում: