«Ապրելով հայրենիքից հեռու՝ մենք միշտ հետաքրքրվում ենք նրա խնդիրներով». Տորոնտոյի հայ համայնքի ղեկավար        

Սեպտեմբերի 27-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Տորոնտոյի հայ համայնքի ղեկավար Հակոբ Ջամբազյանին՝ տիկնոջ հետ:

 Նախարարը կարևորեց համայնքային գործչի ազգանվեր աշխատանքը: Նա մասնավորապես նշեց. «Կանադայի հայկական համայնքը Սփյուռքի ամենակազմակերպված համայնքներից է: Կանադահայերը՝ լինելով հայկական ավանդական Սփյուռքի ներկայացուցիչներ, կարողացել են կազմակերպված ձևով պահպանել հայկական ինքնությունը: Դրա վառ ապացույցը Տորոնտոյի ՀՕՄ-ի ամենօրյա վարժարանն է, որն այսօր արդեն 640 աշակերտ ունի և գտնվում է համայնքի հոգածության տակ:

Հակոբ Ջամբազյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, նշեց, որ համայնքը համախմբված է, միասնական, ակտիվորեն մասնակցում է բարեսիրական ծրագրերին: «Դու ինչ ես անում Արցախի համար» շարժման շրջանակներում բազմիցս օգնություն է ուղարկվել Արցախ: Համայնքային գործիչը նշեց, որ իրենց հերթական այցը Արցախ կրկին բարեգործական առաքելությամբ է և Կանադայի ողջ հայությունն իր հնարավորություններով միշտ Արցախի կողքին է:

«Ապրելով հայրենիքից հեռու՝ մենք միշտ հետաքրքրվում ենք այն խնդիրներով, որոնք առկա են այստեղ, և մեր ցանկությունն է, որ օր առաջ դրանք լուծված տեսնենք: Այս անգամ մենք մեզ հետ բերել ենք դեղորայք և Պաշտպանության բանակի համար անհրաժեշտ պարագաներ»,- հավելեց Հակոբ Ջամբազյանը:

Քննարկվեցին նաև Կանադայում սիրիահայերի ինտեգրման, համայնքային կյանքում նրանց ներգրավվածության հետ կապված հարցեր:

Scroll Up