«Ծագումով հայեր» ծրագրի 10-ամյակին նվիրված համերգ Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի շրջանակներում
Սեպտեմբերի 19-ին Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի շրջանակներում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Ծագումով հայեր» ծրագրի 10-ամյակին նվիրված համերգ:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, մտավորականներ, հյուրեր:
Երաժշտական կատարումներով հանդես եկան ֆրանսահայ սիրված երգչուհի Ռոզի Արմենը, օպերային երգչուհիներ Լուսինե Լեվոնին, Էլլադա Չախոյանը, Ուրֆան, երգիչներ Գոռ Սուջյանը, Սևակ Խանաղյանը, Արծվիկը, դուդուկահար Վազգեն Ասատրյանը, թավջութակահար Աստղիկ Սիրանոսյանը, Հայաստանի Պետական Երիտասարդական նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի խմբավարությամբ:
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը բարձր գնահատելով «Ծագումով հայեր» հաղորդաշարի առաքելությունը հայապահպանության ոլորտում՝ ստեղծագործական խմբին պարգևատրեց Մշակույթի նախարարության Ոսկե մեդալով։
Համերգի մասնակիցներին ողջունեց իտալացի դերասանուհի Օռնելա Մուտին։
Միջոցառմանը ելույթ ունեցավ ֆրանսահայ լեգենդար երգիչ, կոմպոզիտոր Միշել Լեգրանը: Նա նշեց. «Հայաստանում զգացմունքներս միշտ շատ են լինում։ Երջանիկ եմ Ձեզ հետ կիսել այս երեկոն։ Ես կապված եմ Հայաստանի հետ, ինչպես իմ պապիկը՝ Սարգիս Միքայելյանը։ 10 տարեկան էի, երբ նա մահացավ, մինչ այդ մենք միասին էինք երաժշտություն ստեղծում»։
Համերգի ավարտին «Ծագումով հայեր» հաղորդաշարի հեղինակ Մանանա Հակոբյանը։ Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանին, ում բարձր հովանու ներքո անցկացվեց միջոցառումը, Սփյուռքի և Մշակույթի նախարարություններին, միջոցառման հովանավորներին և հաղորդաշարի ստեղծագործական խմբին։