Տեղի ունեցավ Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի «Հայապահպանության հիմնախնդիրներ» ուղղության վերջին նիստը

Սեպտեմբերի 19-ին Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի «Հայապահպանության հիմնախնդիրներ» ուղղության չորրորդ նիստում քննարկվեցին արտակարգ իրավիճակներում հայտնված  հայերի հիմնախնդիրները: Նիստը վարում էր Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական Ժողովի պատգամավոր Ժիրայր Րեիսյանը: Ողջունելով հյուրերին՝ Ժիրայր Րեիսյանը նշեց, որ Սիրիայի հայկական համայնքը բռնել է վերականգնման և վերազարթոնքի ուղին:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հայության վերականգնման խնդրի մասին: «Սիրիահայությունը զերծ չմնաց սիրիական պատերազմի հետևանքներից, կրեց բազմաթիվ կորուստներ, ապաստան գտավ Լիբանանում, Հայաստանում, Եվրոպայում, անցավ օվկիանոսից այն կողմ՝ մինչև ԱՄՆ ու Ավստրալիա: Սակայն Հալեպի ազատագրումից հետո շատերը վերադարձան, սկսեցին նորոգել իրենց բնակարաններն ու արհեստանոցները»,-նշեց Բարձրաշնորհ Տ. Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը: Նա ընդգծեց, որ այժմ համայնքային կյանքում առաջնահերթություններ  են բնակարանների բարեկարգումը, սիրիահայերին փոքր և միջին բիզնեսում աջակցությունը, կրթական հաստատությունների, եկեղեցիների վերանորոգումը և վերագործարկումը:

Նիստի ընթացքում ՀՀ-ում ապաստան գտած սիրիահայերին տրամադրվող աջակցության վերաբեյալ զեկուցումով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, սիրիահայերի հետ տարվող աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը: Նա ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի, կառավարության, պետական բոլոր գերատեսչությունների ուշադրության կենտրոնում մշտապես եղել և մնում են սիրիահայերի խնդիրները, ստեղծվել է սիրիահայերի հետ տարվող աշխատանքները համախմբող աշխատանքային խումբ, Սիրիահայերի խնդիրները համակարգող կենտրոն, ոլորտային առանձին աշխատանքային խմբեր, սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով:

«19500 սիրիահայ արդեն իսկ ստացել է ՀՀ քաղաքացիություն, 2300-ն ունեն կացության կարգավիճակ: 2012-2017 թթ. 3500-ից ավելի սիրիահայ դիմել է ՀՀ սփյուռքի նախարարություն աշխատանքով ապահովման հարցով, կրթական հարցերով դիմել է 3300-ից ավելին: Կազմակերպվել են սիրիահայ գործարարների հանդիպումներ ՀՀ Նախագահի, վարչապետի, պետական տարբեր մարմինների ղեկավարների, սփյուռքյան գործարարների հետ»,-նշեց Ֆիրդուս Զաքարյանը:

Այնուհետև «Սուրիահայութեան ապագան առկա մարտահրավերների լոյսի ներքո» թեմայով զեկուցեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու  Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը: Խոսելով սիրիահայության վերականգնման մասին՝ նա մասնավորապես նշեց. «Վերականգնումը կատարվում է երկու հարթակներում՝ Սիրիայի մեջ և Սիրիայից դուրս: Սիրիայի մեջ վերականգնումն ընթանում է համայնքային և անհատական մակարդակներում: Սիրիայում, Սիրիայից դուրս՝ Հայաստանում, թե Սփյուռքում, յուրաքանչյուր սիրիահայ նյութական և բարոյական աջակցության կարիք ունի»:

Հայ կաթողիկե եկեղեցու Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Ռաֆայել արքեպսիսկոպոս Մինասյանը  խոսեց արտակարգ իրավիճակներում հայտնված հայերի հիմնախնդիրների վերհանման, դրանց կարգավորման հարցում փոխգործակցությունն ու Հայաստան – Սփյուռք միասնության ապահովման մասին: Իր զեկուցման մեջ Գերաշնորհ Տ. Ռաֆայել արքեպսիսկոպոս Մինասյանը անդրադարձ կատարեց նաև Լիբանանի, Իրաքի պատերազմների հետևանքով արտակարգ իրավիճակում հայտնված հայերի անցած ճանապարհին: «Ի տարբերություն մյուս հայորդիների՝ սիրիահայերը առավել հեշտությամբ կարողացան հաստատվել Մայր հայրենիքում»,-նշեց Գերաշնորհ Տ. Ռաֆայել արքեպսիսկոպոս Մինասյանը:

Այնուհետև հանդես եկավ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը «Արտակարգ իրավիճակի մեջ գտնվող Սփյուռքի առեղծվածը» զեկուցումով: Նա ընդգծեց, որ յուրաքանչյուր սիրիահայ պիտի ունենա այն գիտակցումը, որ իրեն սպասում է ապահով, հյուրընկալ, ազատ Հայաստանը:

ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, Կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը անդրադարձ կատարեց սիրիահայության աջակցությանն ուղղված ՀԲԸՄ-ի ծրագրերին ու Հայաստանում առաջիկա անելիքներին: Նա առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին սիրիահայերի հիմնախնդիրների լուծման գործում մեծ ներդրման համար: «Հայաստանում, Սփյուռքում, Սիրիայում  ՀԲԸՄ-ն մշտապես լինելու է սիրիահայերի կողքին»:

Զեկուցումները եզրափակեց Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանը «Սիրիայի հայ համայնքի վիճակը սիրիական ճգնաժամի տարիներին (2011-2017թթ.)» զեկուցումով: «Առաջին օրվանից մինչ օրս գործել ենք օրուգիշեր, մեր դռները միշտ բաց են յուրաքանչյուր սիրիահայի առաջ, դիվանագիտական ներկայացուցչական կազմը շարունակում է իր աշխատանքերը: Հայաստանն էլ իր հերթին արեց և անում է հնարավորը»,-նշեց Արշակ Փոլադյանը:

Նիստը շարունակվեց հարցուպատասխանի ձևաչափով:

Scroll Up