Տեղի ունեցավ Սփյուռքի գործարար և մասնագիտական ցանցերի Հնարավորություններին նվիրված թեմատիկ նիստ
Սեպտեմբերի 19-ին`«Հայաստա ն- Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ «Հայաստանի զարգացման հիմնախնդիրներ» ուղղության «Սփյուռքի գործարար և մասնագիտական ցանցերի հնարավորությունները» թեմատիկ նիստը, որը նվիրված էր Հայկական առևտրային ցանցի (ATN) 3-րդ գործարար ֆորումին: Նիստը վարեց Հայկական առևտրային ցանցի խորհրդի անդամ Վահրամ Փիրջանյանը (Կանադա):
«Միջազգային տնտեսության զարգացումները և անդրազգային ցանցերի զգալի դերը» զեկույցով հանդես եկավ Ռումինիայի խորհրդարանի անդամ, Ռումինիայի Հայոց միության նախագահ, Ռումինիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ, Ռումինիա – Հայաստան առևտրա – արդյունաբերական պալատի հիմնադիր Վարուժան Ոսկանյանը: Նա կարևորեց Հայաստանի տնտեսության զարգացման տեմպերի արագացումը և ներդրումների աշխուժացումը և մասնավորապես նշեց. «Սփյուռքի համար սրբազան պարտականություն է,, որ ուս ուսի տանք Հայաստանի զարգացման համար: Չխոսենք միայն բարոյական ու հայասիրական հարցերի մասին, անդրադառնանք նաև տնտեսական հարցերին: Հայաստանի զարգացած տնտեսություն չի կարող գոյություն ունենալ, եթե համահայկական ցանց չունենանք: Լրջորեն պետք է քննարկել այս հարցը»:
«Շարժա» բանկի գործադիր տնօրեն և գլխավոր կառավարիչ Վարուժան Ներգիզյանը (ԱՄԷ) իր զեկուցման մեջ ներկայացրեց «Համաշխարհային շուկաների ընձեռած նոր հնարավորությունները հայ գործարարի համար»: Նա նշեց, որ Սփյուռքի ողջ ներուժի ներգրավման և տնտեսության զարգացման առաջադեմ տեղնոլոգիաների վրա հիմնված լուծումները արդյունավետ կլինեն:
«Հայկական գործարար աշխարհի ներուժը և համագործակցության հրամայականը» զեկույցով հանդես եկավ Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի գլխավոր տնօրեն, Հայկական առևտրային ցանցի փոխնախագահ Անդրանիկ Ալեքսանյանը:
Նա նշեց, որ կազմակերպությունը աշխարհի 20 երկրում ներկայացուցիչներ ունի և նրանց միջոցով փորձում է հայկական բիզնեսը աշխուժացնել, նպաստել տնտեսության զարգացմանը:
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը (ԱՄՆ) զեկուցեց «Սփյուռք-Հայաստան ներդրումը կրթական ոլորտում. ռիսկեր և ակնկալիքներ» թեմայով, ներկայացրեց կենտրոնի հաջողությունները և հեռանկարները:
«Հայաստանի առաջին ռեսուրսն իր ժողովուրդն է» թեմայով զեկույցով հանդես եկավ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հիմնադիր, խորհրդի ատենապետ Գարո Արմենը (ԱՄՆ): Զեկուցողը գործարար ֆորոմի ներկայացուցիչներին կոչ արեց՝ խոսքից անցնել գործի, գործնական քայլեր անել:
Ծավալվեց քննարկում, հնչեցին ուշագրավ առաջարկներ, դիտարկումներ և հարցադրումներ: