Տեղի ունեցավ Արաքս Մանսուրյանի ստեղծագործական գործունեության 50-ամյա հոբելյանին նվիրված համերգ

Սեպտեմբերի 18-ին Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի շրջանակներում ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների նախաձեռնությամբ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Արաքս Մանսուրյանի ստեղծագործական գործունեության 50-ամյա հոբելյանին նվիրված համերգ:

Համերգին ներկա էին Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը: Երեկոյին մասնակցում էին Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի մասնակիցները:

Ելույթներով հանդես եկան Արաքս Մանսուրյանի օտարազգի ուսանողներ Ռիան Սոնդերսը, Անդրիու Դիսկոն, Ջեորջիա Կոկկորիսը, Ջանգ Հոնգշինը, Ջուլիեթ Մունը: Նրանց կատարմամբ հնչեցին Կոմիտասի, Տիգրանյանի, Տիգրան Մանսուրյանի, Մոցարտի, Բիզեի, Լեո Կավալլոյի ստեղծագործությունները:

Համերգին մասնակցում էր նաև Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը (դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան):

Համերգի ավարտին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց վաստակաշատ երգչուհուն ստեղծագործական գործունեության 50-ամյա հոբելյանի առթիվ: Նա մասնավորապես նշեց. «Այս միջոցառմամբ մերօրյա հայ մշակույթի պատմության մեջ ամրագրվեց Հայաստան-Սփյուռք մշակութային գեղեցիկ համադրությունը խորհրդանշող մի երեկո: Կրկին վերաիմաստավորեց այն իրողությունը, որ մեզանում ապրում են մարդիկ, ովքեր իրենց գոյությամբ ու գործունեությամբ մի ողջ ժողովուրդ են ներկայացնում, և հաճախ չենք էլ զգում, որ մարդը թեև հեռու է, սակայն մոտ է նա մեզ հոգով։ Արաքս Մանսուրյանի համար շատ բնութագրական են այս խոսքերը։ Հասարակածը պիտի հատենք նրան հանդիպելու համար կամ թե նա հատի ու գա Հայրենիք, իրեն մշտապես սիրով ու կարոտով սպասող հանդիսատեսի մոտ… Արաքսը միշտ մեր կողքին է` իր մարդկային և կանացի անսահման հմայքով, իր կերտած կերպարներով, իր զավակներով, ի վերջո, Մանսուրյան լինելով»:

Նախարարն ընդգծեց, որ այսօր հանդիսատեսը հնարավորություն ունեցավ վայելելու Արաքս Մանսուրյան երգչուհուն, վարպետ-ուսուցչուհուն և հայրենասեր մարդ տեսակին: «Արաքս Մանսուրյանը հմայել, գերել, ոգեշնչել է հազարավոր դահլիճներ, բեմեր: Նա իր ջերմությամբ, իր հմայքով հայ երգն է ուսուցանում օտարազգի սաներին, նրանց ճանաչելի դարձնում Կոմիտասի՝ հայ երգի Մաշտոցի արվեստը: Սիրելի՛ Արաքս, շնորհակալ ենք քեզ քո գործունեության համար»,-եզրափակեց իր խոսքը Հրանուշ Հակոբյանը:

Այնուհետ նախարարը Արաքս Մանսուրյանին Հայաստան-Սփյուռք մշակութային գործակցության բնագավառում նշանակալի ներդրման և ստեղծագործական գործունեության 50-ամյա հոբելյանի առթիվ հանձնեց ՀՀ ՍՆ շնորհակալագիր: Հայ մշակույթի հանրահռչակման գործում ունեցած ներդրման համար Արաքս Մանսուրյանի սաներ Ռիան Սոնդերսին, Անդրիու Դիսկոին, Ջեորջիա Կոկկորիսին, Ջանգ Հոնգշինին, Ջուլիեթ Մունին Հրանուշ Հակոբյանը ևս հանձնեց շնորհակալագրեր:

Scroll Up