«Հպարտ եմ ու երջանիկ, որ հե՛նց հայ եմ ծնվել. հայկականությունն իմ արյան բջիջների՛, հոգու՛ս մեջ է». բրազիլաբնակ երգիչ Ժակ Օգչյան

ՀՀ սփյուռքի նախարարության հյուրընկալ դռները միշտ բաց են Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների համար. նրանց, ովքեր օտար ափերում ապրում են Հայրենիքի կարոտով, ովքեր Աստծուց ի վերուստ տրված ստեղծագործելու իրենց շնորհը ծառայեցնում են Հայրենիքին, ովքեր Երկիր մոլորակի բոլոր անկյուններում ներկայացնում են հայությանն ու Հայաստանը, ովքեր իրենց շուրթերին պահում են հայոց լեզուն, հայ երգը, հայոց բառուբանը: Նրանցից մեկին՝ լիբանանահայ, բրազիլաբնակ երգիչ Ժակ Օգչյանին, հանդիպեցի Աղավնաձորի «Արի տուն» ճամբարի հրաժեշտի միջոցառման ընթացքում և հիացա պարոն Ժակի հրաշալի կատարումներով, որոնց ճամբարում հանգստացող սփյուռքահայ պատանիներն ու աղջիկներն արձագանքեցին խանդավառությամբ, որից հետո «Հայերն այսօր»-ի համար զրույց ունեցա պարոն Ժակի հետ: Ստորև մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում այդ հարցազրույցը:

 -Պարո՛ն Ժակ, պատմեք, խնդրեմ Ձեր անցած ճանապարհի մասին:

-Ծնվել եմ Բեյրութում, սովորել եմ տեղի Վահան Թեքեյանի անվան վարժարանում, որից հետո՝ Հովակիմյան-Մանուկյան վարժարանում: Կրթությունս շարունակել եմ Բեյրութի կոնսերվատորիայի վոկալի բաժնում, նաև հաճախել եմ դաշնամուրի դասերի: Շատ ելույթներ եմ ունեցել ռադիոյով, հեռուստատեսությամբ: Առաջին մենահամերգս կայացել է, երբ տակավին շատ երիտասարդ էի՝ ընդամենը 18 տարեկան: Երաժշտական խումբ էի կազմել, երգում էինք տարբեր լեզուներով, սակայն մինչ այդ արդեն երգել էի հայկական երգեր, որոնք իմ հոգում մանուկ հասակից էին տպավորվել. ասեմ, որ երգել սկսել եմ դեռևս 3-4 տարեկանից:

-Ձեր խոսքերում, Ձեր երգերի կատարումներում այնքա՜ն սեր ու ջերմություն կա Հայաստանի, հայ արվեստի ու մշակույթի հանդեպ. ո՞րն է եղել Ձեզ սնուցող ակունքը:

-Դեռ մանկուց ռադիոկայններով ու հեռուստատեսությամբ միշտ լսել եմ հայկական ժողովրդական երգեր, դրանք եղել են իմ մանկության ու պատանության, երիտասարդության տարիների անբաժան ուղեկիցները: Միշտ անհամբերությամբ սպասում էի, թե երբ պետք է սկսվի համերգային ծրագիրը. իմ ունկերում Հայաստանի հայտնի երգիչների զուլալ, հոգեհարազատ ձայներն էին՝ հայկական ժողովրդական երգերի կատարումներով, որոնք հնչում էին Բեյրութի, Կիպրոսի ռադիոկայաններով. որքա՜ն եմ զմայլվել Հովհաննես Բադալյանի երգերով:

-Պարո՛ն Օգչյան, Դուք, շրջելով եվրոպական մի շարք երկրներում, երգելով տարբեր վայրերում, դահլիճներում ու բացօթյա տարածքներում՝ կարողացե՞լ եք արդյոք Ձեր կատարումներով ինչ–որ կերպ նպաստել հայաճանաչությանը:

-Այո՛, շրջել եմ տարբեր երկրներում՝ ամենուր տարածելով հայ երգը: Ես տարբեր լեզուներով երգեր եմ կատարել համերգային տարբեր դահլիճներում, երգել եմ զբոսանավերում, օտարերկրացիների մոտ և ամեն անգամ պարտադիր հնչեցրել եմ նաև մեր հայկական երգերը՝ դրանով կատարելով հայ երգի դեսպանի յուրօրինակ առաքելություն: Հանդիսատեսներից շատերն էին հարցնում՝ Դուք հա՞յ եք, ու ես հպարտությամբ հաստատում էի հայ լինելս: Անչափ սիրում եմ իմ Հայրենիքը, իմ արմատները, իմ մայր լեզուն, հպարտ եմ, որ հե՛նց հայ եմ ծնվել ու հայեցի դաստիարակություն ստացել, հայկականությունն իմ արյան բջիջների՛, հոգու՛ս մեջ է:

-Խոսեցինք Ձեր կատարումների, Ձեր անցած ստեղծագործական ուղու մասին. իսկ ումի՞ց եք ժառանգել երգելու շնորհը:

-Հայրս ու մայրս երգելու շնորհ ունեին, լավ ձայնով էին օժտված: Մայրիկս շատ էր սիրում Լուսիկ Քոշյանի, Աստղիկ Քամալյանի երգերը և երգում էր ինքն իր համար: Երբ մանուկ էի, հայրս միշտ ասում էր, որ «Սյունյաց սարեր» երգը երգեմ, ու ես սիրով կատարում էի հորս խնդրանքը, երգում էի հայկական ժողովրդական գրեթե բոլոր երգերը: Հիմա ես էստրադային երգեր եմ երգում, բայց դա չի նշանակում, որ հեռացել եմ ժողովրդական երգի ակունքներից:

 Իմ նախնիները ծնվել են Կիլիկիայում, հայրս Բեյրութում է ծնվել, մայրս Սանջախից է: Մերոնք հրաշալի գիտեին թուրքերեն, սակայն մեր տան լեզուն հայերենն է եղել, մեր տան մթնոլորտն այնքա՜ն հայկական է եղել, այնքա՜ն հայաշունչ: Ինձ համար սուրբ պատգամ են եղել Սիլվա Կապուտիկյանի «Խոսք իմ որդուն» բանաստեղծության հետևյալ տողերը.՝«Ու տե՛ս, որդիս, ուր էլ գնաս, Այս լուսնի տակ ուր էլ լինես, Թե մորդ անգամ մտքիցդ հանես, Քո մայր լեզուն չմոռանա՛ս»:

-Լիբանանահայ Ժակ Օգչյանն ինչպե՞ս հայտնվեց Բրազիլիայում:

-Ես երգիչ եմ և, բնականաբար, շրջում էի տարբեր երկրներով. լիբանանյան քաղաքացիական պատերազմի ժամանակ արդեն Եվրոպայում էի, այնտեղ ապրում ու այնտեղ երգում էի: Մի օր գրություն ստացա, որում հայտնվում էր Բրազիլիայում կազմակերպվող երգի փառատոնի մասին. բրազիլացիներն ինձ նույնպես հրավիրել էին՝ մասնակցելու այդ փառատոնին: Առաջին անգամ այդ ժամանակ եմ գնացել Բրազիլիա: Երգեցի փառատոնի ընթացքում, երգեցի նաև տեղի հայության համար. ասեմ, որ հայերն ամենից շատ տեղակայված են Սան Պաուլոյում: Այդպիսով, Բրազիլիայում էլ դարձա հայ երգի յուրօրինակ դեսպան: Մնացի այնտեղ, սակայն հաճախ նաև Բեյրութում եմ լինում: Բրազիլիայի եկեղեցիներում երգել եմ նաև «Տեր ողորմյա»: 200 միլիոնանոց այդ հսկա երկրում հնչեցրել եմ մեր հայկական երգերը: Հայկական շրջանակներում երգել եմ նաև հարսանիքների, հոբելյանական հանդիսությունների, զանազան խրախճանքների ժամանակ, և իմ ունկնդիրները եղել են նաև բրազիլացիները, ովքեր հիանում էին հայկական երգերով:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով, ապրլի 24-ին մի ուրիշ քաղաքի ասորական եկեղեցում երգեցի. այնտեղ ներկա էին ասորիներ, լիբանանցի արաբներ, հայեր գրեթե չկային. բոլորը միասնաբար խնկարկեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը: Ես պատմեցի հայերի ու Հայաստանի, Հայոց ցեղասպանութայն մասին, ամեն ինչ բացատրեցի ներկաներին: Երգեցի «Ու՞ր էիր Աստված» երգը (սա նաև ասորական եկեղեցում եմ երգել) և «Տեր ողորմյա»-ն կատարեցի: Այդ օրերին ելույթ ունեցա Բրազիլիայի կաթոլիկ և ավետարանչական եկեղեցիներում և ասացի, որ մենք մեր Արարատ լեռը 100 տարի միայն Երևանից ենք դիտում այսօր, որ մեր Սրբազան սարը գերված է…Ներկաներից շատերը չգիտեին ո՛չ Հայաստանի, ո՛չ Հայոց ցեղասպանության մասին: Մարդիկ շատ ուշադիր լսում էին:

 Հայաստան, Արմենիա անունը հնչեցնելու, տարածելու համար այնտեղ նույնիսկ անունս փոխեցի. ինձ Արմենիո են անվանում նաև, ես դա միտումնավոր եմ արել: Ձգտում եմ հնարավոր բոլոր միջոցներով հնչեցնել Հայրենիքիս անունը:

-Պարո՛ն Ժակ, Դուք Ձեզ հետ Հայաստան եք բերել Ձեր բառերով ու երաժշտությամբ գրած երգը՝ «Նաիրի երկիր»-ը, որը կատարեցիք «Արի տուն» ճամբարում. ինչպե՞ս է ծնվել այն:

 – Իմ երգերից շատերի բառերի հեղինակը ես եմ: Այդ երգն իմ գլուխգործոցն է, որը հնչեցրել եմ աշխարհի շատ երկրներում ու քաղաքներում, որտեղ հայկական օջախներ կան: Երգը գրել եմ Բրազիլիայում: Երաժշտությունը ծնվեց մի գիշերում. ասես հրաշքով ինձ տրվեցին բառերը:

…Ես հավատում եմ, որ հայը հավերժելու է, հավատում եմ, որ Սփյուռքն ու Հայաստանը պետք է մի բռունցք դառնան, ես հավատո՛ւմ եմ, որ Հայաստանը շատ պետք է հզորանա:

Ես ծնվել եմ Լիբանանում, ապրել Եվրոպայում, հաստատվել Բրազիլիայում, շրջել աշխարհի տարբեր երկրներում և այսօր եկել եմ Հայրենիք, ստացել ՀՀ քաղաքացու անձնագիր, եկել եմ՝ շուտով այստեղ հաստատվելու ցանկությամբ ու որոշմամբ: Հոգով ու սրտով միշտ Հայաստանի հետ եմ. ես շա՜տ հայ եմ:

 Զրուցեց Կարինե Ավագյանը

Scroll Up