Արամ Քեթենջյանի գրական, հոգևոր և մանկավարժական աշխարհը

Իրաքահայ բանաստեղծ և ուսուցիչ, սարկավագ Արամ Քեթենջյանը ծնվել է Բաղդադում: Նախնական և երկրորդական կրթությունը ստացել է Բաղդադի ազգային միացյալ վարժարանում, ապա սովորել է Բաղդադի «Վարչություն և տնտեսություն» համալսարանում:

1976 թվականին անդամակցել է Բաղդադի հայ երկսեռ երիտասարդաց միության գրական խմբակին, նաև  «Կոմիտաս» քառաձայն երգչախմբին` որպես մեներգիչ, ապա տարիներ հետո` նույն միության վարչության ատենադպիր: 1980 թվականին անդամակցել է Իրաքի Առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Դպրաց դասին, իսկ 1996 թվականին Գերաշնորհ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի ձեռամբ ձեռնադրվել է սարկավագ:

Ավելի քան երեսուն տարիների իր բերած ծառայությունների համար 2012 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից արժանացել է Սրբատառ կոնդակի: Առաջնորդարանում ծառայել է Դիվանապետ, հետո նաև Թեմի Առաջնորդի անձնական քարտուղար: Այս ընթացքում եղել է «Կանթեղ» եռամսյա պաշտոնաթերթի խմբագրական կազմի անդամ,  նույն ժամանակ հայոց լեզու և կրոն է դասավանդել Բաղդադի ազգային տարրական երկսեռ վարժարանում, որտեղ մինչև օրս ուսուցիչ է աշխատում:

Արամ Քեթենջյանը նաև ստեղծագործելու ձիրքով է օժտված. առաջին հերթին ազգային, հայրենասիրական թեմաներն է արծարծում, քնարերգու է, նույնիսկ աղոթքներ է գրում:

Գրական գործունեությունը սկսել է 1979 թվականից, բազմաթիվ հոդվածների հեղինակ է, տպագրվել է Սփյուռքի և Հայաստանի թերթերում, հանդեսներում: Առաջին գիրքը՝ «Նշույլ հրճվանքի» վերնագրով, հրատարակել է 2011 թվականին՝ Հալեպում, իսկ 2013 թվականին Երևանում հրատարակել է «Կարոտ ու բերկրանք»  բանաստեղծությունների ժողովածուն:

2015 թվականին ընկերների քաջալերանքով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով «Մասունքներն ենք Արարատի» խորագրով 100 քառատող պոեմն  է գրել, որն էլ ՀՀ սփյուռքի նախարարությունը հավանություն է տվել հրատարակելու համար: Չորրոդ գիրքը «Երկիր ու երկինք» բանաստեղծությունների ժողովածուն է:

Բազմավաստակ ուսուցիչը «Հայերն այսօր»-ին տեղեկացրեց, որ   նկատել է սփյուռքահայ երիտասարդները շատ արագ են ձուլվում տվյալ միջավայրին և սկսում օտար լեզվով խոսել: Այդ ժամանակ ուսուցիչներն արդեն ամեն ջանք գործադրում են նրանց` Մայրենին չմոռանալու և ինքնությունը չկորցնելու ուղղությամբ: Եվ այդ ամենին մեծապես նպաստում են ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականցվող  «Արի տուն», «Սփյուռք» ամառային դպրոց և մյուս ազգապահպան ծրագրերը, որոնց փորձում են իրաքահայ երիտասարդներին մասնակից դարձնել:

Հավելենք նաև, որ Արամ Քեթենջյանն այս տարի մասնակցել է ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի հայոց լեզվի և կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստման դասընթացին, որից ստացած տպավորություններով էլ զրույցն ամփոփեց. «Բարձր եմ գնահատում «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի անցկացումը: Բանիմաց ու փորձառու դասախոսներ մեզ դասախոսեցին, ովքեր մեզ հետ սիրահոժար իրենց հմտություններով կիսվեցին: Նոր մեթոդների էլ ծանոթացանք, որոնք շատ հետաքրքրեցին ինձ: Այդ բոլորը փոխանցելու եմ աշակերտներիս»:

  Գևորգ Չիչյան

Scroll Up