Ավարտվեց «Արի տուն» ծրագրի ևս մեկ փուլ

Հուլիսի 28-ին Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի հինգերորդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, նախարարության աշխատակիցներ, հյուրեր:

Ողջունելով արիտունցիներին՝ Ֆիրդուս Զաքարյանը փոխանցեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ջերմագին խոսքերը: Նա մասնավորապես նշեց. «Սիրելի՛ պատանիներ և աղջիկներ, ուրախ եմ ողջունել ձեզ Հայրենիքում: Հավատում եմ, որ այս օրերը ուրախ ու բովանդակալից են անցել, և այսուհետ ձեր կապը Հայրենիքի հետ ավելի կսերտանա Հավատում եմ, որ մեծանալու եք որպես հպարտ հայեր, պահպանելու եք մեր ազգի պատիվը, լավ եք սովորելու: Հավատում եմ, որ Հայաստանում եք թողնելու ձեր սրտի մի մասնիկը և անընդհատ վերադառնալու եք»:

Արիտունցիները հանդես եկան համերգային ծրագրով, որը պատրաստել էին ճամբարային օրերի ընթացքում, երգեցին ու պարեցին խարույկի շուրջ:

Ծրագրի 5-րդ փուլին մասնակցում է 190 սփյուռքահայ պատանի ու աղջիկ աշխարհի 17 երկրից՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Թուրքմենստանից, Վրաստանից, Թուրքիայից, Լիբանանից, Քուվեյթից, Սիրիայից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Բելգիայից, Իտալիայից, Լեհաստանից և Ավստրիայից:

Scroll Up