«Հայաստանից ավելի լավ տեղ չկա». «Թաուկ» ռեստորանի հիմնադիր
#3խորհուրդսիրիահայից ծրագրի շրջանակներում ներկայացնում ենք «Հայերն այսօր»-ի հարցազրույցը «Թաուկ» ռեստորանի սեփականատեր Վիգեն Փիլիպոսյանի հետ:
– Ե՞րբ եք տեղափոխվել Հայաստան:
– Հայաստան եմ տեղափոխվել 5 տարի առաջ Հալեպից, և երբեք հետ չեմ նայել:
– Սա Ձեր առաջի՞ն բիզնեսն է:
– Ո´չ, երկրորդ: Առաջինը, տարիներ առաջ ընկերոջս հետ բացեցի, սակայն թողեցի և Հայաստանը ժամանակավորապես լքեցի: Ընտանիքով տեղափոխվեցինք Եվրոպա՝ Հոլանդիա: Սակայն հասկացա, որ Հայաստանից ավելի լավ տեղ չկա, և հետ վերադարձանք:
– Ի՞նչը Ձեզ ստիպեց Հայաստան վերադառնա. կարո՞տը:
– Հայաստանում կյանքն ավելի հեշտ է: Երեխաներն ինքնուրույն գնում են դպրոց և վերադառնում: Բացի այդ, այստեղ բոլորը հայ են: Մենք այնտեղ պետք է կորցնեինք մեր ինքնությունը: Սիրիայում այնքան ենք պայքարել, որ հայ մնանք և մեր երեխաները հայ մեծանան: Մենք խափվեցինք, մտածելով, որ Հոլանդիայում ավելի լավ կլինի, բայց մեր կյանքն այստեղ շատ ավելի լավ է:
Իսկ ե՞րբ հիմնեցիք «Թաուկ»:
– «Թաուկ»-ը բացեցի Հոլանդիա վերադառնալուց 2 ամիս հետո:
– Ի՞նչ է նշանակում «Թաուկ»:
– Թաուկ արաբերեն նշանակում է «հավ»: Հայաստանից դուրս աա բրենդ է, և շատերը ճանաչում են: Հավով շաուրմային շատ նման է, բայց պատրաստման եղանակը տարբեր է: Մեր ռեստորանում տարբեր տեսակի թաուկներ կան՝ մեքսիկական, շիշ-թաուկ: Ուրիշ ռեստորաններում էլ են թաուկ մատուցում, բայց այստեղ ես գրիլի վրա եմ պատրաստում: Շատ համեղ է՝ հատկապես հատուկ սոուսով:
– Ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր նույնպես ցանկություն ունեն Հայաստանում բիզնես հիմնել:
– Նախ պետք չէ միանգամից մեծ բիզնես բացել: Պետք է սկսել փոքրից, և հետո մտածել բիզնեսը մեծացնելու մասին: Երկրորդ՝ պետք է շատ համբերատար լինել, որպեսզի կարողանաս որևէ բան անել: Երրորդ՝ պետք է հեռատես լինել:
Լաուրա Սամվելյան