Քուվեյթի Հայոց թեմի առաջնորդը և Ազգային վարժարանի տնօրենը Սփյուռքի նախարարությունում

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Քուվեյթի Հայոց թեմի առաջնորդ Մասիս ծայրագույն վարդապետ Զոպույանին և Քուվեյթի ազգային վարժարանի տնօրեն Ներսես Սարգսյանին:

Ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր գնահատեց Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսության Քուվեյթի թեմի գործունեությունը, հայապահպանությանն ուղղված ջանքերը և իր գոհունակությունն արտահայեց այն հայապահպան գործունեության համար, որ իրականացնում են Քուվեյթի երկու առանցքային կառույցները:

Նախարարը նշեց, որ հպարտությամբ է համակում համայնքը, որտեղ հայերը շատ մեծ ներդրում ունեն հայ-քուվեյթական հարաբերությունների, Քուվեյթի տնտեսության, մշակույթի զարգացման գործում: 15 հազարանոց հայկական համայնքը Քուվեյթում զբաղված է տեխնոլոգիական ոլորտներում, փայլում է ստեղծագործական աշխատանքով: Նախարարը կարևորեց սփյուռքի նախարարության ծրագրերին համայնքի ակտիվ մասնակցությունը:

Հյուրերը շնորհակալություն հայտնեցին Սփյուռքի նախարարությանը և, մասնավորապես նախարար Հրանուշ Հակոբյանին ջերմ ընդունելության այն հետևողական աջակցության համար, որ ցուցաբերում են Քուվեյթի ազգային վարժարանին և ողջ համայնքին:

Մասիս ծայրագույն վարդապետ Զոպույանը կարևորեց Սփյուռքի նախարարի այցելությունները, նշեց որ դրանք մեծ ոգևորություն են առաջացնում համայնքներում, որտեղ նախարարի խոսքերն ընկալում են, որպես ուղերձներ: Նա նշեց, որ Սփյուռքը մեծ երախտագիտությամբ է ընդունում նախարարության աջակցությունը և բարձր է գնահատում այն առաքելությունը, որ իրակնացնում է նախարարն ու նախարարության աշխատակազմը:

Նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց եկեղեցուն և ազգային վարժարանին նվիրումի, ակտիվության ու հայրենիքին աջակցելու պատրաստակամության համար:

Scroll Up