«Կարևորը Հայրենիքն է, այն է կիզակետը և անոր հանդեպ պարտք ունենք կատարելու». Սուրեն Բայրամյան

Հունիսի 6-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Եգիպտահայ ազգային-հասարակական գործիչ դոկտ. Սուրեն Բայրամյանին  և նրա տիկնոջը՝ Եգիպտոսի ռադիոյի հայկական ժամի պատասխանատու Սոնիա Բայրամյան-Ոսկերչյանին:

Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորեց Սփյուռքում նրանց հայանպաստ գործունեությունը, լեզվի և ինքնության պահպանության հարցերը:

Նախարարը ներկայացրեց առաջիկա ծրագրերը և սփյուռքահայ գործչին հրավիրեց մասնակցելու սեպտեմբերի 18-20-ը Երևանում կայանալիք «Հայրենիք-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովին:

Սուրեն Բայրամյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և արդյունավետ զրույցի համար, հավելեց. «Ամեն անգամ սիրով ու կարոտով եմ Հայաստան գալիս: Գալիս եմ Հայրենիքի շունչը ստանալու, նրանով ոգեշնչվելու: Կարևորը Հայրենիքն է, այն է կիզակետը և անոր հանդեպ պարտք ունենք կատարելու»:

Եգիպտահայ գործիչը նախարարին ներկայացրեց 2005թ. հրատարակված «Հայ մամուլը Եգիպտոսի մեջ» իր աշխատությունը, որն իր մեջ ներառում է 1865-2005թթ. մատենագիտական ցուցակը՝ 61 տպարաններում տպագրված169 անուն թերթ: Գիրքը 2013թ. տպագրվել է անգլերեն և արաբերեն թարգմանությամբ:

Նա նշեց, որ 2011թ հրատարակվել է իր «Հայ գիրքը Եգիպտոսի մեջ» (1888-2011թթ.) ուսումնասիրությունը, և այս տարի՝ 2017թ.  տպագրվել է  «Հայկական համայնքային կառույցները Եգիպտոսի մեջ» աշխատությունը:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև համայնքային նորություններին, մշակութային միջոցառումներին և բարեգործական ծրագրերին:

Scroll Up