«Մենք ոտքից գլուխ հայ ենք. շա՜տ խորն են մեր արմատները». Թեհմինե Ալեքսանյան
ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն-2017» հայրենաճանաչողական ծրագիրն իր դռներն է բացել սփյուռքահայ հարյուրավոր պատանիների ու աղջիկների առջև. նրանցից մի քանիսի հետ 2-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությանը նախարարությունում ներկա էին ոչ միայն հյուրընկալ ընտանիքների ներկայացուցիչներ, այլև երեխաների մի մասի ծնողները, ովքեր Հայաստան այցելելու այս առիթը բաց չեն թողել՝ տեսնելու նաև իրենց հարազատներին: Իմ զրուցակիցը Տվեր քաղաքից, մասնագիտությամբ բանասեր Թեհմինե Ալեքսանյանն է, ում որդին՝ Դավիթ Պետրոսյանը, մոր խորհրդով է մասնակցում ծրագրին, իսկ Դավիթի քույրիկը՝ փոքրիկ Սյուզաննան, առայժմ ականատեսի դերում է, և հետագայում, գուցե, ինքն էլ դառնա ծրագրի մասնակիցներից մեկը: Ստորև ներկայացնում ենք «Հայերն այսօր»-ի համար արված փոքրիկ հարցազրույցը:
-Տիկի՛ն Թեհմինե, Ձեր որդին ասաց, որ Դուք եք իրեն տեղեկացրել «Արի տուն» ծրագրի մասին. իսկ Դուք որտեղի՞ց եք լսել:
-Այո՛, ես եմ տեղեկացրել Դավիթին՝ մտածելով, որ այն հայրենաճանաչության հրաշալի ծրագիր է, նաև առիթ է՝ շփվելու տարբեր երկրներից ծրագրին մասնակցող հայորդիների հետ: Ես վաղուց եմ լսել ծրագրի մասին, հետո առավել մանրամասն տեղեկացա համացանցի միջոցով, նաև ընկերուհիս՝ Լուսինե Աբրահամյանն էր ասել… Շատ հետաքրքիր և ուսանելի ծրագիր է. կարծում եմ՝ այն մեր երեխաներին հայրենասիրությամբ դաստիարակելու հրաշալի նախաձեռնություն է: Այս ծրագիրը Սփյուռքում ապրող հայորդիներին Հայրենիքին կապելու հրաշալի կամուրջ է. նրանցից շատ-շատերն առաջին անգամ են լինում Հայաստանում:
-Ձեր երեխաները հաճախու՞մ են հայկական դպրոց:
-Հայկական դպրոցում չեն սովորում. կիրակնօրյա դպրոց կա, սակայն չեն հաճախում, որովհետև այն նոր են բացել. շարունակ բացեցին–փակեցին, հիմա կրկին սկսել է գործել: Ցավոք, երեխաներս հայերենով գրել-կարդալ չգիտեն, և հոգուս պարտքն եմ համարում նրանց սովորեցնել գրել ու կարդալ, իսկ հայոց լեզվով խոսելու ոչ մի դժվարություն չունեն. մեր ընտանիքը հայախոս է, դրան նպաստում է նաև Հայաստան այցելելը: Մենք ոտքից գլուխ հայ ենք, մեր էությունը հայկական է, մեր մտածելակերպը՝ նույնպես: Մենք պահպանում ենք հայկական բոլոր ավանդույթները. շա՜տ խորն են մեր արմատները:
Ապավինելով այդ արմատների զորությանը և հայ կնոջ, հայ մոր այս ազնիվ տեսակին՝ ուզում եմ հավատալ, որ դարերով փորձված ու թումանյանական իմաստուն գրչով վերակնքված հայտնի ճշմարտությունը՝ մա՛յրն է ընտանիքում մայրենին պահողը, անշո՛ւշտ, բոլոր ժամանակների հայոց բանաձևն է, որից չհեռանալով միայն՝ աշխարհի տարբեր ծագերում ապրող սերունդները հայեցի դաստիարակություն կստանան և կբարբառեն մեր չքնաղ հայերենով:
Կարինե Ավագյան