«Արի տուն-2017».Նրանք տո՛ւն են գալիս, տո՛ւն, որի դռները միշտ բաց են իր զավակների առջև». Հովհաննես Սողոմոնյան

ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի շրջանակներում հայաստանյան բազմաթիվ ընտանիքներ են հյուրընկալել սփյուռքահայ հայորդիներին՝ նրանց  շրջապատելով հարազատի ջերմությամբ ու հոգատարությամբ:  2017-ի «Արի տուն»-ն արդեն սկսել է նախապատրաստական աշխատանքները, որոնց ակտիվորեն մասնակցում են Հայաստանի շատ քաղաքներ ու մարզեր, գյուղեր, որոնց համայնքային ներկայացուցիչները պատրաստակամ են՝ անցած տարիների նման իրենց համայնքներում սիրով հյուրընկալելու սփյուռքահայ երեխաներին: Ծրագրին հատկապես ակտիվ մասնակցություն ցուցաբերած Արարատի մարզի  Փոքր Վեդի գյուղից համայնքի ավագանու անդամ Հովհաննես Սողոմոնյանի հետ էլ ծավալվեց «Հայերն այսօր»-ի համար իմ զրույցը, որի ընթացքում Հովհաննեսը հանգամանորեն ներկայացրեց ծրագրի շրջանակներում  իրենց կատարած աշխատանքները:

-Հովհաննե՛ս, որպես ավագանի՝ ի՞նչ աշխատանքներ եք տանում համայնքում:

-Ես համայնքում աշխատանքներ եմ տանում երիտասարդության զբաղվածության, նրանց համար ժամանցի վայրեր ստեղծելու հարցերով. շատ կարևոր է, որ երիտասարդները մարզերում, հատկապես՝ գյուղերում հետաքրքրիր անցկացնեն իրենց հանգստի ժամերը, չձանձրանան, կարողանան միջոցառումների մասնակցել:

-Գիտեմ, որ Ձեր ընտանիքը ևս հյուրընկալել է «Արի տուն» ծրագրի մասնակիցներին:

-Այո՛: Ինչ այդ ծրագրը կյանքի է կոչվել, մեր ընտանիքում միշտ երեխաներ են հյուրընկալվել՝ ամեն անգամ 6-ից 7 երեխա : 5 հոգանոց մեր ընտանիքում սիրով են շրջապատվել սփյուռքահայ երեխաները, մենք նրանց տվել ենք ընտանեկան ջերմություն, հայկական ավանդական ընտանիքի բույրն ենք տվել՝ բացարձակապես տարբերություն չդնելով մեր ընտանիքի անդամների ու նրանց միջև: Հայկական  ընտանիքներից նրանք սովորել են համերաշխություն, միասնականություն, մեծերի նկատմամբ ցուցաբերվող յուրօրինակ  հարգանք ու խոնարհություն:

-Հովհաննե՛ս, բացի  Սփյուռքի նախարարության կազմակերպած միջոցառումներից՝ Ձեր համայնքում այլ միջոցառումներ լինու՞մ են:

-Այո՛, անպայմա՛ն. համայնքում մենք շատ լավ միջոցառումներ ենք  անցկացնում, խաղեր ենք կազմակերպում, պատվոգրեր ենք տալիս հաղթողներին, աշխատում ենք այնպես անել, որ նրանց առօրյան նաև համայնքում եղած ժամերին ու օրերին հետաքրքիր ու հագեցած լինի: Այս տարի մենք նոր ծրագիր ենք մշակել. ուզում ենք նրանց սովորեցնել այն երգերն ու պարերը, որոնք պետք է սովորեն ճամբարում, ուստի որոշել ենք նախարարի աշխատակազմի ղեկավարին խնդրել, որպեսզի համապատասխան վարչությունից կարողանանք նախօրոք ստանալ այդ երգերն ու պարերը: Մեկ առանձին համար էլ մեր համայնքի կողմից կսովորեցնենք: Մեզ համար հաճելի է սովորեցնել  ու կատարել նրանց հետ այդ երգերն ու պարերը:

-Այս տարի պատրա՞ստ եք ընդունելու«Արի տուն-2017» ծրագրի մասնակիցներին:

-Մեր  ընտանիքում՝ միանշանակ: Նախորդ տարի մենք երեք փուլ էինք ուզում երեխաներ ընդունել, սակայն պարոն Զաքարյանն ասաց, որ արդեն բավական է, բոլորն արդեն տեղավորված են:

-Հովհաննե՛ս, ո՞ր տարածաշրջանի երեխաների հետ եք ավելի ջերմ կապեր պահպանում  ծրագրի ավարտից հետո, ու՞մ հետ էր ավելի հեշտ աշխատել ու շփվել:

-Կապի մեջ ենք Վրաստանից հյուրընկալվածների հետ, թեև բոլորի հետ էլ սիրով ենք շփվել:  2014 թվականից երեխաների ենք ընդունել Ծալկայից, Ախալցխայից ու հե՛նց նրանց հետ էլ կապի մեջ ենք: 2016-ին 18-19 երեխաների ենք ընդունել Լիբանանից և Վրաստանից:

-Առավել հեռու ու սառը երկրներից եկած հայորդիներին ի՞նչն էր ավելի հետաքրքրում գյուղական կյանքում:

-Ամեն ինչ՝ սկսած հաց թխելուց, սեղան դնելուց, խոսքուզրույցից: Ամառային երեկոները մեր գյուղապետի՝ պարոն Մարտիրոսյանի աջակցությամբ, նրանց համար դարձնում էինք տոն՝ ուսուցանելով հայկական, ազգագրական պարեր, պարում էին  ու սովորեցնում պարի ուսուցիչները: Նման միջոցառումներն ազգի համախմբման մի փոքրիկ, սակայն իրականում շատ մեծ և ուսուցողական դասեր են: Մենք այս ամռանը ևս պատրաստ ենք՝  սիրով հյուրընկալելու մեր սփյուռքահայ երեխաներին. նրանք տո՛ւն են գալիս, տո՛ւն, որի դռները միշտ բաց են իր զավակների առջև:

Մեր զրույցին մասնակցում էր նաև Փոքր Վեդիի գյուղապետ Նորիկ Մարտիրոսյանը, ով անթաքույց գոհունակությամբ էր խոսում Հովհաննեսի կատարած աշխատանքի մասին՝ ասելով, որ Հովհաննեսն իր աջ ձեռքն է, որ նա հասցնում է կատարել և՛ ավագանու իր պարտականությունները, և՛ ակտիվորեն  կազմակերպել ու մասնակցել «Արի տան» միջոցառումներին:

 Կարինե Ավագյան

%d5%b0%d5%b8%d5%be%d5%b0%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a5%d5%bd%d5%a1%d6%80%d5%ab-%d5%bf%d5%b8%d6%82%d5%b6 %d5%b6%d5%b8%d6%80%d5%ab%d5%af-%d5%b4%d5%a1%d6%80%d5%bf%d5%ab%d6%80%d5%b8%d5%bd%d5%b5%d5%a1%d5%b6

Scroll Up