«Իմ առաքելությունն ամբողջ աշխարհով մեկ շրջելն ու Հայաստա՛նը, հայի՛ն, հայ երաժշտարվեստը ներկայացնելն է». Նարեկ Հախնազարյան

Աշխարհին տպավորիչ ու ինքնատիպ գույներ հաղորդող հայորդիների մեծ մասն ամուր թելերով կապված է Հայրենիքին, իր արմատներին, իր ժողովրդի անցյալին ու ներկային. նրանցից մեկի՝ 28-ամյա աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանի հետ, ում հյուրընկալել էր ՀՀ սփյուռքի նախարարն, անմիջական ու հետաքրքիր զրույց ունեցա «Հայերն այսօր»-ի համար, որը ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը:

-Բարո՛վ եք եկել Հայաստան, մասնավորապես՝ ՀՀ սփյուռքի նախարարություն. Նարե՛կ, կարծեմ ՝ կարևոր առաքելությամբ եք Հայրենիքում…

-Շնորհակալությու՛ն: Ասեմ, որ երկու նպատակով եմ այստեղ. առաջինը կարոտի զգացումն է Հայրենիքիս հանդեպ: Ես այստեղ հանգստանում եմ, դրական մեծ լիցքեր ստանում, վերականգնում ուժերս, շրջում ինձ հարազատ վայրերով, հանդիպում մտերիմներիս, բարեկամներիս ու ընկերներիս: Վերջին մեկուկես ամիսների ընթացքում բավականին գերհագեցած համերգային շրջագայություններ եմ ունեցել Ճապոնիայում, Կորեայում, Թայվանում, Նոր Զելանդիայում: Երեք երկրներում մենահամերգներ եմ ունեցել, իսկ Նոր Զելանդիայում նվագել եմ սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ շրջագայելով ամբողջ Նոր Զելանդիայով մեկ: Ի դեպ, Ճապոնիայում շատ կարևոր իրադարձություն եղավ՝ կյանքում առաջին անգամ, Ճապոնիայի Կիոտո քաղաքում, երկու համերգների ընթացքում նվագեցի Բախի թավջութակի մենակատարման բոլոր 6 սյուիտները. դա ծանր ու շատ պատասխանատու գործ է:  Ունեմ ևս մեկ առաքելություն՝ հրավիրված եմ Սփյուռքի նախարարություն, ուր մասնակցեցի «Նաիրի» համահայկական փառատոնի ստեղծագործական խնդիրներին առնչվող քննարկմանը: Հուլիսի 5-ին, Արամ Խաչատրյանի համերգասրահում, Հայաստանի երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի հետ նվագելու եմ Կամիլ Սենսանսի «Թավջութակի կոնցերտ»-ը և մալթացի ժամանակակից կոմպոզիտոր Ալեքսանդր Շորի մի քանի ստեղծագործությունների հայաստանյան պրեմիերան:

-Նարե՛կ, Դուք ինքնե՞րդ եք որոշում ՝որ կոմպոզիտորի գործերը պետք է նվագեք, թե՞ ունեք պրոդյուսեր-խորհրդատու և առաջնորդվում եք նաև նրա խորհուրդներով:

-Հիմնականում ես եմ որոշում ընդունում, սակայն լինում են դեպքեր, երբ որևէ համերգ կամ փառատոն նվիրված է լինում այս կամ այն կոմպոզիտորի հիշատակին,  հոբելյանին կամ էլ՝դա փառատոնի թեմատիկ ծրագիրն է լինում, և այդ ժամանակ ես խորհրդակցում եմ, զրուցում եմ կազմակերպիչների, մասնագետների հետ, ինձ խորհուրդ են տալիս կամ խնդրում են կատարել տվյալ գործը: Անշուշտ, հիմնականում ես եմ որոշում ընդունողը:

-Որքանով ծանոթ եմ երաժշտարվեստին և որքանով հասկացա՝ Դուք գրեթե միշտ հանձն եք առնում մեծ կոմպոզիտորների բավականին ծանր, աշխատատար գործերի կատարումը…

-Ես կարծում՝ եմ բոլոր մասնագիտությունների մեջ մարդիկ պետք է անպայման բարձունքների ձգտեն, իսկ դրա համար, անշուշտ, անհրաժեշտ է դժվարություններ հաղթահարել. դա՛ է առաջ գնալու, կատարելագործվելու, ճիշտ զարգանալու ճանապարհը: Ես փորձում եմ իմ առջև ավելի մեծ նպատակներ դնել և դրանք իրագործելու համար աշխատել գիշերուզօր:

– Դուք հրավեր եք ստացել «Նաիրի» համահայկական փառատոնի կողմից. ի նկատի ունենալով Ձեր համերգային շրջագայությունները՝ ժամանակ կունենա՞ք մասնակցելու սեպտեմբերին կայանալիք փառատոնին:

– Երաժշտի համար դժվար է միանշանակ խոստանալ մասնակցություն ունենալ ամիսներ անց տեղի ունենալիք որևէ միջոցառման, որովհետև նույնիսկ մեկ տարվա կտրվածքով արդեն ծրագրված են լինում համերգային շրջագայությունները: Երեկ եմ ստացել հրավերը, մեծ հարգանք ունեմ նախարարի հանդեպ, կձգտեմ ներկա գտնվել :

-Նարե՛կ, ընդամենը 28 տարեկան եք, սակայն շատ հաջողությունների եք հասել, բարձունքներ նվաճել. տաղանդավոր մարդիկ գրեթե միշտ իրենց ճանապարհներին ունենում են դժվարություններ, խոչընդոտներ, խանգարողներ…Երբ ետ եք նայում Ձեր անցած ճանապարհներին, ի՞նչ զգացումներ եք ունենում, այդ խոչընդոտները Ձեզ ու՞ժ են տվե՞լ, թե ճիշտ հակառակը՝ խանգարել ու ընկճել…

-Ես շատ շնորհակալ եմ իմ ճանապարհներին հանդիպած բոլոր դժվարություններին, խանգարողներին. ասեմ, որ դրանք ինձ ավելի են ուժեղացրել: Երբ ես բարկանում եմ, ավելի արդյունավետ եմ սկսում աշխատել, ուստի շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր ինձ խանգարել են, բարկացրել ու շարունակում են բարկացնել, որովհետև դա ինձ միայն առաջ է մղում:

-Նարե՛կ, Դուք շատ մեդալների, պարգևների ու միջազգային մրցանակների եք արժանացել. դրանցից ո՞րն է ամենաթանկը Ձեզ համար:

-Բոլորն էլ թանկ են, բայց առավել կարևոր է իմ երկրից, իմ Հայրենիքից, ՀՀ նախագահի կողմից ստացած պարգևը՝ «Մովսես Խորենացի» մեդալը: Աշխարհը կարևորում, արժևորում է քեզ, սակայն սեփական երկրիդ, կառավարության, ժողովրդիդ կողմից գնահատվելն առավել կարևոր է:

-Դուք բախտ եք ունեցել նվագելու երաժշտական գործիքների աշխարհահռչակ վարպետ Ջուզեպպե Գվարներիի 1707 թվականին ստեղծած թավջութակով. ի՞նչ զգացումներ են Ձեզ պատել անվանի վարպետի ստեղծած և ճանաչված երաժիշտների կողմից օգտագործված այդ գործիքով նվագելիս. արդյոք այդ գործիքով նվագելը ինչ-որ բան փոխու՞մ է Ձեր կատարման մեջ, կա՞ դրանում առավելություն, առեղծված…

-Ինձ համար անունը կարևոր իմաստ չունի. կարևորն այն է, որ գործիքը տեխնիկապես որակյալ լինի, գեղեցիկ ձայն ունենա և հնարավորություն տա իրականացնել երաժշտության հետ կապված իմ մտածումները, իմ ստեղծագործական նպատակները: Երջանիկ մարդ եմ ինձ համարում, որ այս գործիքն իր մեջ համատեղել է և՛ անունը, և՛ ձայնային գեղեցիկ որակը: Այս պահին գործիքն ինձ մոտ չէ, այն վերանորոգվում է Կանադայում:

-Նարե՛կ, Ձեզ ի՞նչը դարձրեց ճանաչված թավջութակահար՝ ջութակահար Սուրեն Հախնազարյանի և դաշնակահարուհի Գայանե Հախնազարյանի որդին լինելու գործո՞նը, թե՞ ի վերուստ տրված շնորհն ու այդ գործիքի հանդեպ ունեցած սերը:

-Իհարկե, ինձ շա՛տ է օգնել մեր երաժշտական լավ ընտանիքը, ինչպես նաև՝ այնտեղ ձևավորված մթնոլորտը և , բնականաբար, տրված շնորհը: Լինել այդպիսի մարդկանց զավակ՝ մեծ պատասխանատվություն է, ես միշտ ձգտել եմ համապատասխանել Հախնազարյան ազգանվանը: Իմ երկու եղբայրները ևս երաժիշտներ են. միջնեկ եղբայրս՝ Տիգրան Հախնազարյանը, դիրիժոր է և հեղինակավոր տարբեր խմբերի հետ ելույթներ է ունենում ամբողջ աշխարհում, վաղը ելույթ է ունենալու «Արամ Խաչատրյան» համերգասրահում, չափ է տալու Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբին:

-Ո՞րն է այն բաղձալի բեմը, որտեղ դեռևս չեք նվագել և ո՞րն է այն գործը, որին դեռևս չեք անդրադարձել:

-Երկու բեմ կնշեմ, որտեղ դեռևս չեմ նվագել՝ մեկը Բեռլինի ֆիլհարմոնիան է, մյուսը՝ Վիեննայի լեգենդար Ոսկե դահլիճը: Բեռլինում և Վիեննայում նվագել եմ, բայց ոչ՝ այդ դահլիճներում: Կոմպոզիտորներից գրեթե բոլորի գործերին անդրադարձել եմ:

-Ո՞վ է Ձեզ համար լավագույն հանդիսատեսը. կուզեի մասնավորապես անդրադառնայիք հայ հանդիսատեսին՝ համեմատելով նրան աշխարհի տարբեր երկրների հանդիսատեսների հետ:

-Ինչպես ասում են՝ մերն ուրիշ է. հայ հանդիսատեսն ինձ համար ամենահարազատն է: Ես շատ եմ ուրախանում, երբ դահլիճում տեսնում եմ շատ երիտասարդների. վերջին մի քանի համերգներիս ընթացքում փոխվել է հանդիսատեսի տարիքը, վերջապես նոր սերունդը գնահատում է, սիրում ու լսում է դասական երաժշտություն: Նոր սերունդը շատ կիրթ է ու բանիմաց, դահլիճում ես տեսնում եմ շատ սիրուն, խելացի դեմքեր: Հիմա շատ բան է արվում մշակույթի դաշտում, բարձր եմ գնահատում ՀՀ մշակույթի նոր նախարարի՝ Արմեն Ամիրյանի աշխատանքը, հետաքրքիր և թարմ նախաձեռնությունները:

– Նարե՛կ, այդ ամենը կարո՞ղ է արդյոք խթան հանդիսանալ Նարեկ Հախնազարյանի Հայաստան վերադառնալուն և այստեղ մշտապես հաստատվելուն:

-Գիտեք, իմ վերադարձը շատ փոխաբերական, հարաբերական իմաստ կունենա. ես չեմ կարող օգտակար լինել իմ երկրին ներսից, որովհետև մենք այստեղ չունենք հիանալի դահլիճներ, մեր ամբողջ հանրապետության մակարդակով չունենք այն բազմաքանակ հանդիսատեսը, ով անհամբեր սպասում է դասական համերգների: Իմ առաքելությունն ամբողջ աշխարհով մեկ շրջելն ու Հայաստա՛նը, հային, հայ երաժշտարվեստը ներկայացնելն է: Ես ցավով եմ նայում, որ տաղանդաշատ հայերը իրենց արվեստով աշխարհին ներկայանում են ոչ որպես հայաստանցի: Ես Հայաստանի քաղաքացի եմ, սակայն ապրում եմ Վիեննայում և աշխարհին, որպես Հայաստանի քաղաքացի, ներկայանում եմ իմ հայկական ազգանվամբ՝ իմ համերգային ծրագրերում ընդգրկելով հայկական երաժշտության գոհարները, համաշխարհային ունկնդիրներին ծանոթացնելով հայ երաժշտարվեստին: Ասեմ նաև, որ համերգային ծրագրերով պարբերաբար լինում եմ Հայաստանի մարզերում:

-Որտե՞ղ եք ելույթ ունենալու առաջիկայում:

– Մենահամերգներով հանդես կգամ Գերմանիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, իսկ օգոստոսին նվագախմբի հետ կնվագեմ Աստանայում: Բավականին հագեցած ծրագիր ունեմ:

-Ձևակերպեք, խնդրեմ, թե ինչ է Ձեզ համար Հայրենիքը:

-Հայրենիքն ինձ համար ուրախություն և հպարտություն է:

 Հարցազրույցը՝ Կարինե Ավագյանի

Scroll Up