Պոլսահայ երիտասարդի երազանքը Հայաստանի և Սփյուռքի՝ համախմբված տեսնելն է
«Հայերն այսօր»-ի զրուցակիցը պոլսահայ ճարտարագետ, «Հայաստան» համահայկան հիմնադրամի Գերմանիայի մասնաճյուղի վարչության անդամ Այգուն Քասախյանն է, ով այժմ Գերմանիայում է բնակվում:
Այգունը մանկապարտեզ և նախակրթարան հաճախել է Պոլսի «Մերամեթջյան» վարժարանում, միջնակարգ կրթություն ստացել է Պոլսի Վիեննական Մխիթարյան վարժարանում, կրթությունը շարունակել է Պոլսի «Նոտր Դամ Դը Սիոն» ֆրանսիական վարժարանում, ապա «Ըշըկ» համալսարանում, որից հետո ուսանել է Փարիզի «Պիեռ և Մարի Կյուրի», ապա՝ Ֆրայբուրքի «Ալբերտ-Լյուդվիգս» համալսարաններում:
Երբ թուրքերեն էինք խոսում, հայրս խիստ զայրանում էր
-Ծնվել եմ Կ. Պոլսում. հայկական միջավայրում ապրող հայ ընտանիքի զավակ եմ:
Մինչև 24 տարեկան ապրել եմ Պոլսում, հետո արդեն բարձրագույն կրթություն ստանալու համար գնացել Ֆրանսիա և Գերմանիա, որտեղ էլ հաստատվել եմ վերջին ութ տարիներին: Գերմանիայում չորս տարբեր քաղաքներում եմ ապրել, այժմ ապրում եմ Շտուտգարտում, որտեղ գնացքների և բեռնատարների համար էլեկտրոնային արգելակման համակարգեր պատրաստող ինժեներական ընկերությունում եմ աշխատում:
Ճարտարագետի մասնագիտությունն ընտրեցի՝ եղբորս հետևելով. նա նույնպես այդ հետքերով է գնացել: Փոքրուց հետաքրքրվել եմ ճարտարագիտությամբ, սիրել եմ նաև բնական գիտությունները:
Պոլսի հայկական համայնքը միշտ ակտիվ կյանքով է ապրում, որի մի մասնիկն էլ ես եմ եղել: Համայնքում կազմակերպվող հայապահպան միջոցառումներին մասնակցելով՝ չեմ կորցրել ազգային ինքնությունս:
Մեր ընտանիքում Մայրենիի անաղարտության պահպանմանը սրբորեն ենք մոտեցել. տանը միայն հայերեն ենք խոսել, նույնիսկ փոքր տարիքում: Երբ զարմուհուս հետ խաղալիս երբեմն թուրքերեն էինք խոսում, հայրս խիստ զայրանում էր և նախատում՝ ստիպելով միայն հայերենով հաղորդակցվել: Նույնկերպ մեր ուսուցչուհին էր վարվում. այդ ժամանակ արդեն մանրադրամ էինք գցում դասարանի գանձանակի մեջ:
Այս «կանխարգելիչ» միջոցները պարարտ հող նախապատրաստեցին՝ հիմնովին սովորելու հայերենը:
Հինգ տարեկան էի, երբ հայրս ցանկացավ ինձ ընդունել Սուրբ Երից Մանկանց եկեղեցու «Սայաթ-Նովա» դպրաց դաս երգչախումբ, սակայն հայերեն գրել-կարդալ չիմանալու պատճառով՝ չընդունեցին: Երգչախմբի կազմում ընդգրկվեցի միայն դպրոց գնալուց հետո:
Հայերենը սովորելուն շատ օգնեցին «Սայաթ-Նովա» և Սուրբ Վարդանանց եկեղեցու «Սուրբ Վարդանանց» դպրաց դաս եկեղեցական երգչախմբերում երգելու տարիները (շապիկ է նաև հագել-հեղ.): Երգերի բառերը, շարականներն ու Ավետարանը կարդալիս՝ ավելի էր հիմնավորվում և կատարելագործվում հայերենը: Այս ամենի համար երախտապարտ եմ հայրիկիս:
Հայաստանն առաջադեմ, զարգացած պետություն է դարձել
-Արդեն մեկ տարի է, որ «Հայաստան» համահայկան հիմնադրամի Գերմանիայի մասնաճյուղի վարչության անդամ եմ: Մինչ այդ՝ հիմնադրամում իբրև կամավոր եմ աշխատել՝ աջակցելով կազմակերպչական հարցերում:
Հայաստան առաջին անգամ եկել եմ 2000 թվականին՝ «Սայաթ-Նովա» երգչախմբի հետ կատարած ուխտագնացության առիթով:
Մեր այցը համընկավ Սուրբ Զատիկի՝ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի հետ: Կոտայքի մարզի Բջնի գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում երգեցինք զատկական պատարագը, նաև գյուղի դպրոցին հանձնեցինք մեր հավաքած գումարը ՝ անհրաժեշտ կարիքները հոգալու համար:
Շատ էինք տպավորվել այցելած տեսարժան, պատամամշակութային վայրերից. աննկարագրելի էր ուրախությունը Հայաստան գալու առիթով, մի խոսքով՝ մշտական կապ հաստատեցինք Հայաստանի հետ: Մեզ ընդունեց նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը:
2001 թվականին նորից Հայաստան եկանք՝ Համահայկական ամառային երկրորդ խաղերին մասնակցելու, որի ժամանակ Արտաշատ քաղաքում 5000 մետր վազեցի: Այդ անգամ նույնպես Հայաստանում հիշարժան օրեր եմ անցկացրել, ծանոթացել Սփյուռքի տարբեր համայնքներից եկած մարդկանց հետ: Ինն անգամ եմ եղել Հայրենիքում, սակայն, մինչ այդ, եղբորս միջոցով եմ Հայաստանի մասին տեղեկություն ստացել. նա 1996-2003 թվականներին ԵՊՀ–ում է սովորել:
Հայաստանն առաջադեմ, զարգացած պետություն է դարձել, հատկապես մեծ փոփոխություններ եմ նկատում մայրաքաղաք Երևանում՝ սկսած մարդկանց պահվածքից, քաղաքի տեսքից, մաքրությունից, ժամանցի վայրերից, ճանապարհների լուսավորությունից և այլն:
Չեմ ուզում՝ երեխաներս օտար միջավայրում մեծանան
-Անկեղծ ասած՝ հայրենադարձվելու մասին մտածում եմ: Չեմ ուզում՝ երեխաներս օտար միջավայրում մեծանան ու դաստիարակվեն:
Այս հարցի շուրջ լրջորեն մտածեցի հատկապես վերջին այցելության ընթացքում: Գնացել եմ ճարտարագիտական մի ընկերություն՝ հետաքրքրվելու աշխատանքային պայմանների և այլ մանրամասների մասին՝ հասկանալու, թե Հայաստանում իմ մասնագիտությամբ արդյոք հեշտ կլինի՞ աշխատելն ու ապրելը:
Այդ ընկերության տնօրենը մի քանի այլ ընկերություններ ինձ ուղղորդեց: Ես պետք է մանրամասնորեն ուսումնասիրեմ այդ առաջարկները, քննարկեմ ընտանիքիս հետ, որպեսզի հետագայում հստակեցնեմ անելիքս:
Եթե երբևէ վերադառնամ, ապագա կնոջս հետ եմ գալու, ով ապագա բուժքույր է, նրա համար նույնպես աշխատանք պետք է գտնենք:
«Արի տուն» ծրագրին մասնակցելով՝ Աննան առավել կարևորեց իր արմատները
– ՀՀ սփյուռքի նախարարությունում մի անգամն էի եղել. այս անգամ եկա նախարար Հրանուշ Հակոբյանի հրավերով՝ մասնակցելու խորհրդակցությանը: Հասկացա, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը բոլոր ջանքերը գործադրում է՝ Հայաստան-Սփյուռք կապերն ամրապնդելու և հզորացնելու գործում:
Խորհրդակցության ժամանակ ծանոթացա նախարարության կողմից իրականացվող ծրագրերին. մինչ այդ գիտեի «Սփյուռք» ամառային դպրոց և «Արի տուն» ծրագրերի մասին: Ի դեպ, նշանածս` Աննա Օհանօղլուն, մի քանի տարի առաջ մասնակցել է «Արի տուն» ծրագրին:
Աննան, ծնվելով Գերմանիայում, գերմանական դպրոց է հաճախել՝ հեռու հայկական միջավայրից: Դպրոցական տարիներին թուրք դասընկերների հետ որոշակի խնդիրներ է ունեցել: Հնարավոր բախումներից խուսափելու համար՝ որոշել է գերմանական արմատներն ընդունել (հայրը պոլսեցի է, իսկ մայրը՝ գերմանուհի-հեղ.):
Աննայի հայրը, իմանալով «Արի տուն» ծրագրի մասին, մտադրվում է երկու աղջիկներին իրենց արմատները ճանաչելու, Հայաստանը լիարժեք բացահայտելու և Մայրենին սովորելու նպատակով նրանց ուղարկել Հայաստան:
Քույրերը ծրագրից շատ լավ տպավորություններ են ստացել, մինչև հիմա շարունակ հիշում են և պատմում այդ օրերի հետաքրքիր դրվագները:
«Արի տուն» ծրագրի մասնակցությունը նպաստեց, որպեսզի Աննան առավել կարևորի իր հայկական արմատները և սերտորեն կապվի Հայաստանին.այժմ նա կես կատակ-կես լուրջ ասում է, որ թող մի գերմանացի էլ պակաս լինի:
Նրա հոգում Հայրենիքին օգտակար լինելու զգացումն այնքա՜ն մեծ է, որ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում քաղցկեղով հիվանդ երեխաների համար կամավորական ծրագրով աշխատել է: Սկզբում ծաղրածու էր աշխատում՝ զվարճացնելով երեխաներին և ծնողներին, հետո հիվանդանոցի տնօրենի թուլտվությամբ մասնակցել է վիրահատություններին՝ հետևելով դրանց ընթացքին՝ փորձառություն ձեռք բերելու համար:
Գևորգ Չիչյան