«ՀՀ սփյուռքի նախարարի այցը մեզ ոգևորեց՝ աշխատելու առավել եռանդով և համախմբված».Անտոնիո Սարաֆյան
Մայիսի 29-ից հունիսի 2-ը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն աշխատանքային այցով գտնվում էր Արգենտինայում:
Բուենոս Այրես կատարած այցելության և մասնավորապես՝ ՀԲԸՄ-ի Արգենտինայի մասնաճյուղում ունեցած հանդիպման տպավորությունների մասին «Հայերն այսօր»-ին տեղեկացնում է ՀԲԸՄ կենտրոնական վարչության պատվավոր անդամ, ՀԲԸՄ-ի Արգենտինայի մասնաճյուղի փոխատենապետ, Անտոնիո Սարաֆյանը:
«Մեզ համար մեծ արթնություն էր ՀՀ սփյուռքի նախարարի այցը Հարավային Ամերիկա: Նախարարի այցելությունը մեզ ավելի ոգևորեց և խթան հանդիսացավ՝ հետագա աշխատանքներն առավել եռանդով ու համախմբված կատարելու:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մեզ ծանոթացրեց նախարարության աշխատանքներին, գերակա խնդիրներին և Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերին: Նախարարն իր խոսքում հատկապես շեշտեց «Արի տուն» ծրագրի կարևորությունը՝ կոչ անելով, որ ավելի շատ արգենտինահայ երեխաներ մասնակցեն հայրենաճանաչության այս յուրօրինակ ծրագրին:
Հանդիպման ընթացքում նախարարին տեղեկացրինք, որ արդեն գործուն մասնակցություն ենք ունենում «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» համահայկական նախաձեռնությանը՝ մանրամասն ներկայացնելով այդ ուղղությամբ կատարված աշխատանքները:
Հրանուշ Հակոբյանին վստահաբար հաղորդեցինք նաև մեր այն կարծիքը՝ ըստ որի հզոր Սփյուռք ունենալու համար նախևառաջ պետք է հզոր Հայրենիք ունենալ:
Տիկին Հակոբյանի այցը ՀԲԸՄ համընկավ «Մարի Մանուկյան» վարժարանի աշակերտների ավարտական հանդեսի հետ: Նախարարը մեծ խանդավառությամբ ունկնդրեց աշակերտների հայրենաշունչ ելույթները և նրանց պատգամեց այցելել Հայրենիք:
Նա ուսուցիչներին ուղղված իր խոսքում ասաց, որ Սփյուռքում նրանք են հայապահպանության ջահակիրները և օտար ափերում ապագա սերունդներին հայեցի կրթություն ու դաստիարակություն տվողները:
Հրանուշ Հակոբյանն ուսուցիչներին հրավիրեց՝ մասնակցելու ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին:
Սփյուռքի նախարարը հանդիպում ունեցավ ՀԲԸՄ-ի վարչակազմի հետ՝ քննարկելու համայնքային խնդիրներն ու Հայաստան-Սփյուռք գործակցությանն առնչվող հարցերը: Ծանոթանալով մեր աշխատանքներին՝ նախարարը մեզ հրավիրեց մասնակցելու սեպտեմբերին կայանալիք Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին:
Հանդիպման վերջում նախարարին շնորհակալություն հայտնեցինք՝ Բուենոս Այրեսի հայկական համայնք կատարած այցելության, ինչպես նաև՝ մեզ հետ մշտական կապի մեջ գտնվող և մեր կողմից առաջադրված հարցերին արագ լուծում տվող Սփյուռքի նախարարության արհեստավարժ աշխատակիցների համար»: