ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի աշխատանքային այցը Բրազիլիա
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/06/12-7.jpg)
«Հայերն այսօր»-ի տեղեկացմամբ՝ Հունիսի 2-ից 4-ը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն աշխատանքային այցով եղել է Բրազիլիայում:
Նախարարը Սան Պաուլոյի ՀՀ պատվո հյուպատոսությունում հանդիպումներ է ունեցել հայկական եկեղեցիների հոգևոր այրերի, համայնքային կազմակերպությունների ղեկավարների, համայնքային գործիչների և գործարարների հետ: Հյուպատոսարանում կազմակերպված միջոցառման ժամանակ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Բրազիլիայում ՀՀ պատվո հյուպատոս Հիլդա-Տիրուհի Բուրմայանին պարգևատրել է Սփյուռքի նախարարության Ոսկե հուշամեդալով, իսկ Սան Պաուլոյում ճանաչված քաղաքական գործիչ Ալմինու Մոնտեյրու Ալվարես Ալֆոնսոյին հայ ժողովրդի հանդեպ ցուցաբերած բարեկամական վերաբերմունքի և շարունակական աջակցության համար ՝ Ոսկե մեդալով: Միջոցառմանը ներկա է եղել նաև Բրազիլիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Գալոյանը:
Այնուհետև ՀՀ սփյուռքի նախարարը Սան Պաուլոյի Հայ Առաքելական Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցել է կիրակնօրյա պատարագի, այցելել է Հայ Կաթոլիկ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի և և «Արմենիա» ակումբ:
Սփյուռքի նախարարը ներկա է գտնվել Ներգաղթի 22-րդ փառատոնին, որին մասնակցել են Ռուսաստանի Դաշնությունը, Հունաստանը, Իսպանիան, Պորտուգալիան և այլ երկրներ: Փառատոնին ներկայացվել է նաև հայկական մշակույթը, խոհանոցն ու ավանդույթները:
Այնուհետև Հրանուշ Հակոբյանը «Հայաստան» հրապարակում ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հուշարձանին:Սփյուռքի նախարարը եղել է նաև Օզասկոյի հայ համայնքում և մասնակցել Բրազիլիայում անցկացվող ամենամյա ավանդական փառատոնին, ապա այցելել է SAMA հայկական ակումբ և Հայ Ավետարանական Եղբայրաց եկեղեցի:
Հանդիպումների ընթացքում նախարարը ներկայացրել է ՀՀ սփյուռքի նախարարության գերակա ծրագրերի կատարման ընթացքը, կատարված աշխատանքները և կոչ է արել առավել սերտացնել Հայաստան-Սփյուռք գործակցությունը՝ ի շահ և ի նպաստ մեր Հայրենիքի: Նախարարը մասնավորապես շեշտել է բրազիլահայ երիտասարդների՝ Հայաստանի հետ սերտ կապեր հաստատելու կարևոր հանգամանքը՝ հույս հայտնելով, որ նրանք այսուհետ ավելի գործուն մասնակցություն կունենան նախարարության կողմից իրականացվող ծրագրերին: ՀՀ սփյուռքի նախարարը պատասխանել է նաև բրազիլահայերին հուզող մի շարք հարցերի: