Կալիֆորնիայի սենատը կֆինանսավորի ուսուցիչների համար Ցեղասպանության վերաբերյալ հատուկ դասընթացները

Միացյալ Նահանգների Կալիֆորնիայի նահանգային սենատը որոշել է 16 մլն դոլար հատկացնել ավելի վաղ նահանգային իշխանությունների կողմից հաստատված Պատմա-սոցիալական գիտության վերաբերյալ ուսումնական ծրագրի ֆինանսավորմանը, որի շրջանակում ուսուցիչները կմասնակցեն հատուկ դասընթացների՝ Հայոց ցեղասպանության և այլ կարևոր պատմական փաստերի վերաբերյալ: Այս մասին Asbarez-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Կալիֆորնիա նահանգի սենատոր Էնթոնի Պորտանտինոն:
«Հայոց ցեղասպանությունը համաշխարհային պատմության ողբերգական ու կարևորագույն մասերից է, որը շարունակում է հերքվել աշխարհում: Անչափ կարևոր է մեր դպրոցներում այդ մասին հավուր պատշաճի սովորեցնելը»,- մեկնաբանել է Պորտանտինոն:
2016-ին Կալիֆորնիայի կրթության հարցերով նահանգային խորհուրդն ընդունել է Պատմա-սոցիալական գիտության վերաբերյալ ուսումնական ծրագիր՝ նախատեսված հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար: Ծրագրի շրջանակում ուսուցիչները կմասնակցեն հատուկ դասընթացների, որոնց շնորհիվ կկատարելագործեն Հայոց ցեղասպանության թեմայի վերաբերյալ ունեցած գիտելիքները: