Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արք. Սարգիսյանն այցելեց ՀՀ սփյուռքի նախարարություն

Մայիսի 12-ին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արք. Սարգիսյանն այցելեց ՀՀ սփյուռքի նախարարություն և հանդիպեց մտավորականների, նախարարության աշխատակազմի հետ:

Ողջունելով Թեհրանի Հայոց թեմի առաջնորդին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ մեծ պատիվ և երջանկություն է հանդիպել Հայ Առաքելական եկեղեցու ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկի հետ: «Տեր Սեպուհ արք. Սարգիսյանը ծնվել է Սիրիայի Ճուխա հայաբնակ գյուղում,  կրթությունը շարունակել Լիբանանում, Անթիլիասում: Եղել է Իրաքի Բասրա քաղաքի հայ համայնքի հոգևոր հովիվը, Բերիո հայոց թեմի Առաջնորդական Փոխանորդը, ծավալել է միջեկեղեցական գործունեություն, նշանակվել կաթողիկոսական փոխանորդ Քուվեյթում և Պարսից Ծոցի երկրներում, այնուհետև՝ ընտրվել Թեհրանի Հայոց թեմի Պատգամավորական ժողովի առաջնորդ: Նա նաև խմբագրել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կիրակնօրյա դպրոցների պաշտոնական ամսագիրը՝ «Նոր Դրազարկ»-ը»:

Նախարարը կարևորեց Սեպուհ Սրբազանի ներդրումը Իրանում հրատարակչական աշխատանքներում՝ ընդգծելով, որ  նրա անմիջական հովանավորությամբ լույս են տեսել ավելի քան 130 գրական և աստվածաբանական գրքեր:

«Ուր էլ գնացել եք, Ձեր հոգու ջերմությունն ու սերն եք փոխանցել մեր հայրենակիցներին, Ձեզ սիրել են և հարազատի նման ընդունել: Շնորհակալ ենք, որ Դուք կաք, որ այդքան վառ և հզոր եք պահում Իրանի հայ համայնքը: Դուք մեր մեծագույն բարեկամն ու ընկերն եք, մենք սիրում և սպասում ենք Ձեզ Հայրենիքում», – նշեց ՀՀ սփյուռքի նախարարը:

Բարձր գնահատելով Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արք. Սարգիսյանի՝ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման, Հայրենիքին և Սփյուռքին մատուցած ծառայությունների, Սփյուռքի համայնքների միջև և Հայրենիքի հետ կապերի ամրապնդման, հայապահպանության գործում նշանակալի ներդրումը, ինչպես նաև բարեգործական և հասարակական ակտիվ գործունեությունը՝ նախարար Հրանուշ Հակոբյանը վերջինիս պարգևատրեց  ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե հուշամեդալով:

Գերաշնորհ Տեր Սեպուհ արք. Սարգիսյանը շնորհակալություն հայտնեց գնահատանքի համար և նշեց. «Սիրելի՛ տիկին Հակոբյան, ինձ համար հաճելի և հուզիչ է այս պահը: Ես մեր եկեղեցու և իմ ժողովրդի խոնարհ ծառան եմ: Երանի նրանց, ովքեր ծառայում են իրենց ազգին: Որ երկրում էլ եղել եմ, առաջինը հպարտությամբ նշել եմ, որ հայ եմ՝ Ցեղասպանություն տեսած և վերապրած ազգի զավակ: Փառք Աստծո, որ այսօր ունենք ազատ, անկախ Հայաստան և Արցախ: Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը նույնպես այսօր իրականություն է: Մենք պետք է հավատանք, որ մի օր էլ ունենալու ենք ամբողջական Հայրենիք»:

Այնուհետև Թեհրանի Հայոց թեմի առաջնորդը պատասխանեց ներկաների հարցերին:

%d5%a9%d5%a5%d5%b0%d6%80%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%b8%d6%81-%d5%a9%d5%a5%d5%b4%d5%ab-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%b6%d5%b8%d6%80%d5%a4-%d5%a3%d5%a5%d6%80%d5%a1%d5%b7%d5%b6%d5%b8%d6%80%d5%a9%d5%a5%d5%b0%d6%80%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%b8%d6%81-%d5%a9%d5%a5%d5%b4%d5%ab-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%b6%d5%b8%d6%80%d5%a4-%d5%a3%d5%a5%d6%80%d5%a1%d5%b7%d5%b6%d5%b8%d6%80

Scroll Up