Ավստրալիայի հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցության ծրագիրը շարունակվում է (լուսանկարներ)
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2013/11/unnamed-555.jpg)
Ավստրալիայի հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցության ծրագրի շրջանակներում Սիդնեյում գտնվող պատվիրակությանն ընդունեց Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը: Հանդիպման ընթացքում խոսվեց ՀՀ սփյուռքի նախարարության գործունեության և Ավստրալիայի հայ համայնքների խնդիրների մասին:
Արվեստագետները ելույթ ունեցան Սուրբ Հարություն եկեղեցում կազմակերպված երեցների հավաքին:
Ողջույնի խոսքով հանդես եկան սրբազան հայրը, Ավստրալիայում Հայաստան-Սփյուռք գործակցության հանձնախմբի կազմակերպիչ Հայկ Լեփեջյանը, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակից Գրետա Մնացականյանը: Այնուհետև ՀՀ վաստակավոր արտիստներ Լեյլա Սարիբեկյանը և Արսեն Գրիգորյանը, երգչուհի Սոնա Շահգելդյանը, կոմպոզիտոր Գարիկ Սարիբեկյանը, դաշնակահարուհի Տաթևիկ Հայրումյանն իրենց երգով ու երաժշտությամբ անսահման հուզմունք և ուրախություն պարգևեցին համայնքի ավագ սերնդի ներկայացուցիչներին:
Խումբն այցելեց նաև հայկական ամենօրյա Արշակ և Սոֆի Գոլսթըն և Ալեքսանդր վարժարանները: Նրանց համար շրջայց կազմակերպվեց դպրոցներում. աշակերտները ներկայացան փոքրիկ համերգային ծրագրով, որից հետո երգիչները ոգևորեցին նրանց իրենց երգով ու շուրջպարի բռնվեցին:
Հանդիպումներն անցան բարձր տրամադրության և ջերմ մթնոլորտում:
Գ. Մնացականյան, Սիդնեյ, Ավստրալիա