Բասկ ռեժիսորի Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմը կցուցադրվի Իսպանիայում

Բասկ ռեժիսեր Խուանմի Գուտիերեսի «Ծվենները ճյուղի վրա» (Telas en las ramas) վավերագրական ֆիլմը, որը Սան Սեբաստիանի փառատոնում զբաղեցրել է չորրորդ տեղը, այսօր առաջին անգամ կցուցադրվի քառասուն հազարանոց հանդիսատեսի` Ալկանտեի պետական համալսարանի ուսանողներ, դասախոսներ, պրոֆեսորներ, առջև:

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ Ալիկանտե քաղաքի բնակչուհի Հասմիկ Քոչարյանը, ով նկարահանվել է ֆիլմում, «Սպուտնիկ Հայաստանի»-ն պատմել է, որ Հայաստանի և հայերի մասին ֆիլմ նկարելու գաղափարը Խուամի Գուտիերեսի մոտ ծագել է Հայաստան այցելությունից հետո: Հիացած հայերի պատմությամբ և առօրյայով, ինչպես նաև Հայաստանի բնությամբ` նա որոշել է անպայման պատմել մարդկանց իր տեսածի մասին:

89 րոպե տևողությամբ վավերագրական ֆիլմում ներկայացված են ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում ապրող հայեր: Նրանք պատմում են իրենց հարազատների մասին, ովքեր հրաշքով փրկվել են Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի մասսայական սպանդից:

Կարելի է ասել, որ ֆիլմի գլխավոր հերոսները ո´չ միայն ամբողջ աշխարհում սփռված հայերն են, այլ նաև հայ ժողովրդի պատմությունն ամբողջությամբ: Ֆիլմում նկարահանվել է նաև հայտնի  լիբանանահայ ջութակահար Արա Մալիկյանը:

Ռեժիսորը պատմում է նաև հայերեն լեզվով գրված Աստվածաշնչի մասին, որը գտնվել է Բասկերի երկրի տաճարներից մեկում:

«Խուանմի Գուտիերեսին միշտ էլ հետաքրքրել է Հայաստանի պատմությունը: Ի դեպ՝ Բասկերի խորհրդարանը Իսպանիայում առաջինը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը 2007 թվականին: 2008 թվականին Ալիկանտեում տեղադրվեց առաջին խաչքարը»,-պատմում է Հասմիկ Քոչարյանը:

Ֆիլմի անվանումը ռեժիսորի կողմից պատահական չի ընտրվել. ծվենները խորհրդանշում են ամբողջ աշխարհում սփռված հայերին, իսկ ճյուղը՝ «ողբերգական պատմությունը», որը միավորում է նրանց:

Ֆիլմը նկարահանվել է 2015-2016 թվականներին Իսպանիայում (Մադրիդ, Բարսելոնա, Ալիկանտե) և Հայաստանում (Գառնի, Գեղարդ, Օշական, Երևան):

Մարիամ Սիմոնյան

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի

6929561

Scroll Up