«Արի տուն»-ը նաև մկրտության յուրօրինակ ավազան է». Խաչիկ Հովհաննիսյան

ՀՀ սփյուռքի նախարարության լավագույն նախաձեռնություններից մեկն էլ «Արի տուն» հայրենաճանաչողական ծրագիրն է, որի շնորհիվ աշխարհի տարբեր ծագերում ապրող հայորդիները ծանոթանում, բարեկամանում են միմյանց հետ, սովորում մեկը մյուսից, խորհրդակցում, կիսվում իրենց ունեցած գիտելիքների, ուսման բնագավառում հաջողությունների, ձեռքբերումների շուրջ: «Արի տուն»-ը նաև բարեկամության յուրօրինակ հարթակ է. իր գոյության 8 տարիների ընթացքում այս սիրված ու մեծ մասսայականություն վայելող ծրագրի շրջանակներում հիմք է դրվել նաև սիրո գեղեցիկ պատմությունների՝ ավարտվելով հայկական ավանդական հարսանիքներով: Հուզիչ մի պատմություն է նաև վերջերս Էջմիածնի Սուրբ Հռիփսիմեի եկեղեցում տեղի ունեցած մկրտության արարողությունը, որի նախապատմությունը ևս «Արի տուն» ծրագրից է ծնունդ առել: Վրաստանի Ծալկայի շրջանից «Արի տան» մասնակիցներ Նուշիկ և Անուշիկ (մկրտության անուններով՝Գայանե և Հռիփսիմե) քույրիկները մկրտվեցին Հայրենիքում՝ կնքահայր ընտրելով Արարատից Խաչիկ Հովհաննիսյանին, ում տանը ծրագրի շրջանակներում հյուրընկալվել է քույրիկներից մեկը, այնուհետև իր հայրիկին պատմել այդ հրաշալի ընտանիքի կողմից ստացած ջերմ ու հոգատար վերաբերմունքի մասին և առաջարկել իր ծնողներին իրենց մկրտությունն իրականացնել Հայաստանում՝ կնքահայր ընտրելով Խաչիկ Հովհաննիսյանին, ով սիրով համաձայնել է: «Հայերն այսօր»-ի համար մեր զրույցի ընթացքում Խաչիկ Հովհաննիսյանն ավելի մանրամասնեց այդ պատմությունը:

«Երկու տարի առաջ իմ մանկության ընկերը ՝ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար ֆիրդուս Զաքարյանը, մի խումբ երեխաների բերեց մեր գյուղ՝ Ավշար, բաժանեց հյուրընկալ ընտանիքներին և հարցրեց, թե ես կցանկանա՞մ  որևէ երեխայի հյուրընկալել իմ տանը. սիրով համաձայնեցի և մեր հարկի ներքո հյուրընկալեցի երկու երեխաների: Նրանցից մեկը ցանկացավ, որ դառնամ իր կնքահայրը, ես մեծ սիրով համաձայնեցի, և այսօր իրականանում է այդ երեխաների, նաև ՝իմ բաղձալի երազանքը: Ուրախ եմ, որ կարողանում եմ մի փոքրիկ ներդրում ունենալ այս հայրենանվեր գործում: Մինչ այս մկրտությունը՝ ես էլի՛ եմ եղել կնքահայր, սանիկներ ունեմ, սակայն այս մկրտության խորհուրդն առանձնանում է նրանով, որ իմ սանիկները դրսից են՝Վրաստանից, խորհուրդը մեծ է նաև հե՛նց Էջմիածնում մկրտվելու առումով, նրանք ասես ուխտագնացության են եկել: «Արի տուն» ծրագրի, այս պարմանիների շնորհիվ մեր ընտանիքները բարեկամացան, և Սփյուռք-Հայաստան գեղեցիկ մի կամուրջ գցվեց: Հիրավի՛, ողջունելի է Սփյուռքի նախարարության հայրենաճանաչողական այս ծրագիրը, որի շնորհիվ դրսում ապրող մեր հայորդիները ծանոթանում են իրենց Հայրենիքին, իսկ հյուրընկալ ընտանիքներում՝ինչպես հարազատ օջախում, վայելում են հայկական ավանդական մթնոլորտի բոլոր գույները, բոլոր բարիքներն ու մեր Հայաստանի արևով լիցքավորված ջերմությունը: «Արի տուն»-ը նաև մկրտության յուրօրինակ ավազան է: Սրտանց պատրաստ եմ կրկին ստանձնելու հյուրընկալ ընտանիքի դերը. դրսում ապրող հայորդիները նաև մե՛ր երեխաներն են. Հայրենիքի՛, մեր տան դռները միշտ բաց են նրանց առջև»:

Խաչիկ Հովհաննիսյանի այս սրտառուչ խոսքերից հետո մկրտության ու նոր սկսվող բարեկամության առիթով իրենց երախտագիտությունն արտահայտեցին և՛ մկրտվողները, և՛ նրանց ծնողները:

Կարինե Ավագյան

%d5%b4%d5%af%d6%80%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b69%d5%b4%d5%af%d6%80%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b68%d5%b4%d5%af%d6%80%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b67%d5%b4%d5%af%d6%80%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b4%d5%af%d6%80%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b61 %d5%b4%d5%af%d6%80%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b64

 

Scroll Up