Կատարի՛ր պարտքդ հայրենիքիդ հանդեպ և տուն դարձի՛ր, զինվո՛ր
Բարև՛ քեզ, Զինվո՛ր։
Հեռավոր Ֆրանսիայից քեզ գրում են Թուլուզ քաղաքի ֆրանս–հայկական կազմակերպության «Մեսրոպ Մաշտոց» հայկական դպրոցի սաները։
Շնորհավորում ենք քեզ` Հայոց բանակի 25 ամյակի առթիվ։
Մի գուցե, դու դեռ 25 տարեկան չկաս և փոքր հասակում երազել ես դառնալ զինվոր, մի գուցե, արդեն հագած կլինես զինվորական համազգեստ, կամ գլխիդ դրած կլինես զինվորական մեծ գլխարկ` երազելով դառնալ հրամանատար։
Հիմա Դու արդեն զինվոր ես, և իրականացել է Քո երազանքը։ Այժմ Դու կատարում ես Քո պարտքը սրբազան. Դու պաշտպանն ես մեր Հայրենիքի։
Գիտե՛նք, դժվար է Քեզ համար, պայքարել ու չընկճվել, դիմադրել` առանց նահանջելու, հարվածել ու ետ չնայել, զոհվել `առանց երերալու… Մարտի դաշտում Դու սկսնակ ես, բայց արդեն մեծ փորձ ունես, Զինվո՛ր, Դու Հերոս ես, մեր պարծանքն ես Դու, մեր շունչը, հույսը ու քաջ Զինվորը։
Պատերազմը Քեզ չի վհատում, չի կոտրում ոգիդ ու բազկիդ ուժը, պատերազմը քաոս չի բերի հայ հողի վրա` չէ՞ որ, Քո ուժը, խրոխտ հասակդ, առնական ոգիդ, թշնամու համար մահ է վաղաժամ։
Մենք աղոթում ենք Քեզ համար, Զինվո՛ր, կատարի՛ր պարտքդ հայրենիքիդ հանդեպ և տուն դարձի՛ր, Զինվո՛ր։
Երանի՜, բոլոր Զինվորները տուն դառնան, և ո՛չ մի մայր երբե՛ք չսգա,
Երանի՜, երկիրը միշտ խաղաղ լինի, և ո՛չ մի մանուկ երբե՛ք չտխրի…
Եղի՛ր ու մնա՛ հաստատ ու կանգուն , վեհ ու անսասան մեր լեռների պես` Արարատի պես:
Եղի՛ր լավ որդի, լավ հայր ու լավ մարդ. Դու ես մեր դեմքը, մեր հենարանը, անկոտրուն սյունը։
Տոնդ շնորհավո՛ր, Հայո՛ց Բանակ,
Տոնդ շնորհավո՛ր, Հա՛յ Զինվոր: