«Ամեն հայի հոգում առաջին հերթին պետք է այրվի հայրենասիրության կրակը». սիրիահայ հայրենադարձ

Հայոց բանակի կազմավորման 25-ամյակի առիթով ՀՀ սփյուռքի նախարարությունում մեկնարկած տոնական միջոցառման շրջանակներում հյուրընկալվել էին Արցախի առաջին գոյամարտին մասնակցած սփյուռքահայ, հայրենադարձ ազատամարտիկներ, ապրիլյան քառօրյա պատերազմական գործողություններին մասնակցած, Հայոց բանակում ծառայող սփյուռքահայ երիտասարդներ, նրանց ընտանիքների ներկայացուցիչները: Այդ ընտանիքիցներից մեկի՝ Դավիթ և Նատալի Կազանչյան ամուսինների հետ էլ ծավալվեց իմ հարցազրույցը «Հայերն այսօր»-ի համար:

-Տիկի՛ն Նատալի, ե՞րբ է հայրենադարձվել Ձեր ընտանիքը:

-Երկու տարի առաջ ենք հայրենադարձվել Սիրիայի Ռաքքա քաղաքից: Մեր ընտանիքում 5 արու զավակ կա՝ բոլորն էլ ՝ հայկական անուններով՝ Պողոս, Սարգիս, Գևորգ, Մեսրոպ, Թորոս: Նրանցից երկուսը հիմա Բեյրութում են, երկուսը ծառայում են Հայոց բանակում, կրտսերն էլ հունվարի 30-ին կզորակոչվի:

-Դժվար չէ՞ արդյոք բանակում ունենալ երկու տղա, այն էլ՝ տանից շատ հեռու, Ղարաբաղում, և դեռ մեկին էլ  պատրաստվում եք շուտով ճանապարհել ծառայության:

-Անչափ դժվար է, դա անբացատրելի երևույթ է. ամեն մի վատ լուրից վեր ես թռչում, ընկնում անորոշության ու տագնապի գիրկը: Ես շնորհավորում եմ Հայոց բանակի տոնը և մաղթում, որ այն միշտ հզոր, անպարտելի, հաղթական լինի, որ մեր Հայրենիքի բոլոր առավոտները խաղաղ բացվեն, որ գիշերներն անխռով ու հանդարտ լինեն մեր ժողովրդի համար, որ բոլորի զավակները ողջ-առողջ տուն վերադառնան, որ ոչ մի որդեկորույս ծնող չլինի:

-Որտեղի՞ց է հայրենասիրության այդ կրակը տղաների հոգում:

-Իրենց հորից են ժառանգել. նա ապրիլյան օրերին ծավալված պատերազմական գործողությունների ժամանակ պատրաստվում էր մեկնել Ղարաբաղ. այստեղի՛ց է գալիս տղաների հոգում թունդ առնող հայրենասիրության կրակը…Դավիթն այդ հարցին ավելի լավ կպատասխանի:

-Դավի՛թ, Դուք կպատասխանե՞ք այդ հարցին:

-Անշո՛ւշտ: Հայրենասիրությունը մեր արյան մեջ է, այն ժառանգել ենք մեր պապերից, մեր արժանավոր նախնիներից: Ամեն հայի հոգում առաջին հերթին պետք է այրվի հայրենասիրության կրակը: Յուրաքանչյուր հայորդի պարտավոր է իր պարտքը տալ Հայրենիքին: Եթե անգամ տղաներս չցանկանային ծառայել, ապա ես անպայման կուղղորդեի նրանց: Հիմա էլ ես պատրաստ եմ ՝որդիներիս կողքին պաշտպանելու մեր երկրի, Արցախ աշխարհի սահմանները: Դե՛մ եմ այն մտայնությանը, թե՝ թո՛ղ ուրիշը ծառայի. ուրիշ չկա՛, բոլորն էլ մեր տղաներն են, բոլորի կյանքն էլ թա՛նկ է մեզ համար: Հայոց բանակի տոնի առիթով շնորհավորելով բոլորիս, մասնավորապես՝ բանակի նվիրյալներին և այս ցրտաշունչ ձմռանը սահմանները գիշերուզօր պաշտպանող մեր ջահել զինվորներին՝ մաղթում եմ , որ մեր բանակը միշտ անպարտելի լինի: Մեր բանակը մեր ամրո՛ցն է, մեր վահա՛նը, մեր Հայրենիքի անառիկության գրավականը:

…Զարմանալի հայեր, հիանալի՜ հայեր. որտեղ էլ դուք ապրեք, միևնույն է, ձեր հոգում առկայծում է հայրենասիրության կրակը, որն անհրաժեշտության դեպքում կարող է բոցկլտալ ու մի մեծ խարույկ դառնալ:

Կարինե Ավագյան

 

Scroll Up