Լավագույն հայերը միշտ Հայրենիքի, ժողովրդի կողքին են
ՀՀ սփյուռքի նախարարությունում հյուրընկալված Գերմանիայի Բադեն Վյուրթենբերգ քաղաքի հայկական համայնքի հոգևոր հովիվ Տիրատուր քահանա Սարդարյանի հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը:
-Օրհնեցե՛ք, Տեր հայր:
-Աստվա՛ծ օրհնի:
-Հրաշալի՛ եք խոսում արևելահայերենով. այստեղ ե՞ք հոգևոր կրթություն ստացել:
-Ծնվել եմ Հայաստանում, հոգևոր կրթություն, Աստվածաբանություն սովորել եմ Բուլղարիայում, դոկտորականս պաշտպանել եմ Գերմանիայում: Գերմանահայոց թեմի առաջնորդի հրավերով սկսել եմ իմ ծառայությունը Հյուսիսային Գերմանիայում, իսկ հիմա, շուրջ 7-8 տարի է, ինչ Բադեն Վյութենբերգում եմ: 2007–ին եմ ձեռնադրվել Պոլսում՝այսօր, ցավոք սրտի հիվանդ, Մեսրոպ պատրիարքի ձեռամբ:
-Մե՞ծ է այդ քաղաքում ապրող հայության թիվը:
-Գյոթինգեն քաղաքում ապրում է մոտավորապես 70 հայ ընտանիք, իսկ տարածաշրջանը Հայաստանի մեծությունն ունի, և այնտեղ այսօր ապրում են 5-6 հազար հայեր, որոնց մեծամասնությունը պոլսաահայեր, սիրիահայեր, պարսկահայեր են: Արդեն երկրորդ-երրորդ սերունդն է ծնվում այնտեղ, համեմատաբար նոր համայնք է: Փորձում ենք այնպես անել, որ հայության այդ զանգվածը կապված լինի հայկական Սուրբ Խաչ Հայ Առաքելական եկեղեցուն և ամեն հայ եկեղեցում իրեն զգա ինչպես իր տանը: Եթե Սփյուռքն իր մեջ ցրող խորհուրդ ունի, ապա եկեղեցին հավաքող, միացնող խորհուրդ ունի իրենում: Սա առաջին եկեղեցին է Գերմանիայում, որը 35 տարի առաջ մեր հայրենակիցները բողոքական եկեղեցուց վարձել են և մինչ օրս այնտեղ մեր պատարագներն ենք մատուցում, մկրտության, պսակադրության ծեսեր ենք անում: Գերմանիայի տարբեր քաղաքներում ևս մենք պատարագներ ենք մատուցում, մեր հայրենակիցները գալիս են, մասնակցում, հավաքվում եկեղեցու շուրջ:
-Տե՛ր հայր, եկեղեցին, հավատքը կարո՞ղ է հայապահպանության լիարժեք դեր կատարել:
-Հայապահպանությունը հենվում է մի քանի սյուների վրա: Եկեղեցին փորձում է այդ սյուներն ամուր պահել: Մենք նախատեսել ենք չորս հիմնական սյուների վրա հենվել՝ հավատք, կրթություն, մշակույթ և սոցիալական ծառայություն. փորձում ենք այդ չորս սյուների վրա կառուցել համայնքային կյանքը: Հավատքը պատարագն է, հավատքն այն ուժն է, որը հնարավորություն է ընձեռում, որ այս ամենն իրականություն դառնա: Կրթական ոլորտի մասին ասեմ, որ մենք ունենք շաբաթօրյա հայկական դպրոց, ուր հաճախում է 30-35 երեխա. այնտեղ ուսուցանվում է և՛ արևմտահայերեն, և՛ արևելահայերեն, եկեղեցու պատմություն, գրականություն, պատմություն, երգ, պար: Երեխաները 4-ից 5 ժամ լինում են դպրոցում, մեր 6-5 ուսուցչուհիները խաղերի, երգերի ու պարերի միջոցով փորձում են երեխաների հոգում արթուն պահել հայն ու հայկականը: Երեխաների միջոցով նրանց ծնողները ևս դառնում են հայապահպանության կարևոր օղակներ:
-Եկեղեցին, հավատքը կարողանու՞մ են նպաստել, որ խառնամուսնություններ չլինեն, ընտանիքները լիարժեք հայկական լինեն:
-Ամուսնությունը խիստ անձնական խնդիր է, և մենք չենք կարող մեր կամքը թելադրել: Մեզ համար կարևորն այն է, որ եթե հայն ամուսնանա անգամ ոչ հայի հետ, կարողանանք այնպես անել, որ այդ ընտանիքը չհեռանա համայնքից, պահպանի հայկական ավանդույթները, երեխաները հայեցի դաստիարակություն ու կրթություն ստանան, չմոռանան հայոց լեզուն, ընտանիքի լեզուն լինի հայերենը: Մենք խառնամուսնությունների պարագայում պետք է շատ զգույշ լինենք, որպեսզի նրանք համայնքում իրենց օտար չզգան:
-Տե՛ր հայր, ի՞նչ առաքելությամբ եք Հայաստանում:
-Սուրբ ծնունդը սիրո և ջերմության տոնն է, եթե մենք թույլ չտանք, որ մեր մեջ ծնվի այդ Մանուկ Հիսուսն, ուրեմն անիմաստ է այդ տոնը. երբ թույլ ենք տալիս, բացում ենք մեր սրտերը, մեր հոգիները և Սուրբ ծննդյան ուրախությունը բնակություն է հաստատում այնտեղ, իսկ այդ ուրախությունը պետք է կիսես նրանց հետ, ովքեր դրա կարիքն ունեն: Փորձեցինք Սուրբ ծննդյան տոնի առիթով համայնքում կազմակերպել հումանիտար օգնության ակցիա՝ Արցախի սահմանամերձ գյուղերի անապահով ընտանիքների համար. բերել ենք 26 տոննա օգնություն, իսկ զինվորների համար ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին շատ կարճ ժամանակում մեր համայնքում, մշակութային միությունների հետ համատեղ հավաքեցինք 12 հազար եվրո գումար, և այն ուղարկեցինք Արցախ, որի համար ՀՀ սփյուռքի նախարարից ստացանք շնորհակալական նամակ: Այս նոր ակցիան գալիս է մաս դառնալու ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժմանը: Մենք փորձում ենք մեր հնարավորությունների սահմաններում մեր լուման ներդնել, որպեսզի ունենանաք առողջ, հզոր պետություն, խաղաղ երկինք: Նպատակ ունենք այցելել կարիքավոր համայնքներ, ամեն անգամ ինչ-որ բանով աջակցել տվյալ համայնքներին: Ես Գերմանիայից հատուկ եկել եմ, որպեսզի անձամբ լինեմ Արցախում, հանդիպեմ տեղի հոգևոր թեմի առաջնորդին, ներկա գտնվեմ օգնության բաշխմանը, հանդիպեմ կարիքավոր, անապահով ընտանիքներին, շփվեմ այդ մարդկանց հետ: Շատ եմ կարևորում մարդկանց հետ կենդանի, անմիջական շփումները, զրույցները: Արցախում երբևէ չեմ եղել. ասում են՝ նման է դրախտի: Խոսեմ Հայաստանի մասին. երկրի վիճակը բարելավելու համար առաջին հերթին պետք է փորձենք հարգել մարդուն, մարդու մեջ տեսնել մարդուն՝ անկախ իր զբաղեցրած պաշտոնից, դիրքից, նյութական կարգավիճակից. բոլորն իրենց տեղում արժեքավոր են: Պետք է հարգել մարդուն, այդ հարգանքից է բխում բարությունը:
-Ձեր ծրագրերը շարունակելի՞ են…
-Պետք է խորհրդակցենք Արցախի կառավարության, եկեղեցական կառույցների ներկայացուցիչների հետ և որոշում կայացնենք, կոնկրետ ծրագրեր մշակենք ու իրականացնենք դրանք:
-Աստվածային 10 պատվիրաններն, անշուշտ, բոլորիս կյանքի մեծագույն դասերը պետք է լինեն, սակայն դրանցում կա՞ արդյոք մի պատվիրան, որին մեր ժամանակներում շատ ավելի պետք է հետևենք, որը գերակա է մարդկության համար:
-Այդ պատվիրանի մասին խոսում է ինքը՝ Քրիստոսը. երբ նրան հարցնում են, թե ո՞րն է ամենամեծ պատվիրանը, նա պատասխանում է, որ դա Սե՛րն է, Սիրո պատվիրանը. հարկավոր է սիրել դիմացինին, ինչպես՝ ինքդ քեզ: Եթե ամեն մի մարդու մեջ փորձենք գտնել Աստծո պատկերը, Աստծո շունչը, այդ սերը սարեր կարող է շարժել: Նաև ամեն մարդ պետք է սիրով կատարի իր գործը. Սե՛րն է կարևորը:
Ահա այս բարձր նոտաներով էլ ավարտեցի իմ զրույցը Տիրատուր քահանա Սարդարյանի հետ, ով հնարավորինս խուսափում էր խոսել իր աձի, այս հսկայական հումանիտար օգնության մեջ սեփական մեծ ներդրման մասին, որի մասին պատմեց Տեր հոր ուղեկիցը՝ շինարար Շավարշ Հովհաննիսյանը, ով, ինչպես հետո տեղեկացա, նույնպես սեփական նախաձեռնությամբ բարեգործությունների հեղինակ է: Լավագույն հայերը միշտ Հայրենիքի, ժողովրդի կողքին են:
Կարինե Ավագյան