Հայրենասիրության մասին մեծ հոգու՝ մի փոքրիկ պատում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/01/IMG_2949-1.jpg)
Բարեգործությունը հոգու, խղճի թելադրանք է, մարդկային առաքինություններից թերևս ամենադրվատելիներից մեկը, որով առաջնորդվողները ոչ մի բանաձև չունեն. նրանք՝ իսկական բարեգործները, չեն սիրում բարձրաձայնել իրենց գործերի մասին, և բարեգործություն են անում այնպես, ինչպես աղոթք կանեն, ինչպես հանապազօրյա հացը կհոգան: Նրանցից մեկը՝ Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղում արդեն 16 տարի բնակվող, Մարսելից հայրենադարձված Սիրան Միսակյան-Բասմաջյանն առաջինն էր, ով ակամայից դարձավ «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժման մասնակիցներից մեկը: Դեռևս մինչ այս շարժումն սկսելը՝ Սիրան մայրիկն արդեն սեփական նախաձեռնությամբ իր թոշակով Ղարաբաղի սահմանները պաշտպանող զինվորների համար տասնյակ կապոցներ էր պատրաստել՝ ներքնաշորեր ու գուլպաներ, ինչպես նաև՝ պահպանիչ աղոթքներ և ուղարկել զորամասեր: Միանալով շարժմանը՝ նա Սփյուռքի նախարարության աջակցությամբ դարձյալ կապոցներ ուղարկեց զինվորներին. իր ծավալած հայրենանվեր գործունեության համար ՀՀ սփյուռքի նախարարը Սիրան Միսակյան-Բասմաջյանին պատվոգրով պարգևատրեց: Այս օրերին Սիրան մայրիկը, ում ամբողջ գյուղը «հորքուր» է անվանում, մեծ վշտի մեջ լինելով հանդերձ (Մարսելում մահացել էր տղայի կինը), դարձյալ մի կապոց էր պատրաստել, նաև գրանիտե քարի վրա պատվիրել էր Աստվածամոր պատկերը և բերել հասցրել Երևան՝ Սփյուռքի նախարարություն: Այս պատվարժան հայուհին, ամեն անգամ իր «առաքելությունը» կատարելիս, կրկնում է՝ այդ զինվորները նաև իմ երեխաներն են, իմ թոռները…Մայրական գորովանքով ու սրտացավությամբ է մտածում սահմանները պաշտպանող զինվորների մասին և նեղվում՝ իմանալով, որ նրանցից շատերն առանց մկրտվելու են մեկնում ծառայության, որ կան նույնիսկ հավատք չունեցող զինվորներ և մտածում է, որ նրանց համար կարելի է զորամասերում հավատքի դասընթացներ կազմակերպել: 80-նն անց այս հայուհին բնավ չի մտածում իր մասին, ունեցած առողջական խնդիրներին նայում է մատների արանքով. իր հոգսը երկրի խաղաղությունն է, զինվորների առողջությունն ու անփորձանք ծառայությունը: Սիրան Միսակյան-Բասմաջյանն արդեն մոտ ապագայի ծրագրեր ունի՝ դարձյալ մի քանի պատկերազարդ քանդակներ պատվիրել սահմանամերձ շրջաններում եղած զինվորական հիվանդանոցների մատուռներում տեղադրելու համար: «Որքան ուժս պատի, առողջությունս ների, պետք է շարունակեմ անել այս գործը», -ասում է Սիրան մայրիկն ու Աստծուն իր գոհությունը հայտնում՝ այս աշխարհում իրեն ճիշտ ուղեցույց լինելու համար: Ահա հայրենասիրության մասին մի փոքրիկ պատում, որը բարձրագոչ խոսքերից, ճառերից այն կողմ՝ մի նշխար հայուհու հայրենապահպան հոգու գեղեցիկ հայելին է:
Կարինե Ավագյան