ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Թեքեյան» մշակութային միության հիմնադիր մարմնի ատենապետ Հակոբ Գասարճյանին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/12/oo.jpg)
Ջերմորեն ողջունելով հյուրին՝ նախարարը բարձր գնահատեց «Թեքեյան» մշակութային միության հայապահպանությանն ու հայկական մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված ջանքերը: Նախարարն առանձնակի կարևորեց աշխարհի տարբեր երկրներում իր մասնաճյուղերն ունեցող միության գործունեությունը, Սփյուռքում կրթական խնդիրների լուծմանը, հայոց լեզվի պահպանմանն ու տարածմանը նպաստող, կառույցի կողմից իրականացված բազմաթիվ ծրագրերն ու միջոցաոումները, ուսուցիչներին, մշակույթի գործիչներին և ուսանողներին նյութապես ու բարոյապես օժանդակելու նրանց բազմաբնույթ ձեռնարկները:
Սփյուռքի նախարարն իր գոհունակությունը հայտնեց նաև դեկտեմբերի 10-13-ը Լիբանան կատարած իր աշխատանքային այցի շրջանակներում «Թեքեյան» մշակութային միության հովանավորությամբ, ՌԱԿ «Զարթոնք» օրաթերթի կողմից կազմակերպված Լիբանանի «Թեքեյան» մշակութային միության համահիմնադիր, ՀԲԸՄ-ի վետերան անդամ, ՌԱԿ վաստակաշատ ներկայացուցիչ Գերսամ Ահարոնյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հանդիսությունը հավուր պատշաճի կազմակերպելու համար:
Հակոբ Գասարճյանը նախարար Հրանուշ Հակոբյանին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և միության հովանավորությամբ կազմակերպված միջոցամանը մասնակցելու և այն հրաշալի ելույթի համար, որ նա ունեցավ միջոցառման ընթացքում` ոգևորությամբ ու երախտիքի զգացմունքով համակելով ներկաներին:
Վերջում զրուցակիցները քննարկեցին համագործակցության հետ կապված խնդիրներ: