ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն այցելեց «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ

Դեկտեմբերի 9-ին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն այցելեց կառավարության նիստերի դահլիճի նախասրահում բացված «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական  ցուցահանդես-տոնավաճառ, որը կազմակերպվել էր ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ նախաձեռնությամբ:

Տարբեր տոների կապակցությամբ պարբերաբար կազմակերպվող ցուցահանդես-տոնավաճառն այս անգամ նվիրված էր Մարդու իրավունքների պաշտպանության օրվան: Ներկայացված էին 65-ից ավելի սիրիահայերի ձեռագործ աշխատանքներ, ոսկերչական իրեր, հրուշակեղեն, քաղցրավենիք, արևելյան ուտեստներ:

Սփյուռքի նախարարի ուղեկցությամբ ՀՀ առաջին տիկինը շրջեց տաղավարներում, ծանոթացավ սիրիահայերի աշխատանքներին, բարձր գնահատեց նրանց տաղանդն ու աշխատասիրությունը, նրանց սպասարկման բարձր մշակույթն ու մատուցման ինքնատիպ ոճը և իր հիացմունքը արտահայտեց հատկապես ձեռագործ աշխատանքների և նրբաճաշակ արծաթյա իրերի վերաբերյալ:

Ռիտա Սարգսյանը գնումներ կատարեց տաղավարներից:

Սիրիահայերը չափազանց տպավորված էին Ռիտա Սարգսյանի այցելությունից:

Ցուցահանդես-տոնավաճառը կգործի նաև դեկտեմբերի 10-ին, ժամը՝ 10.00-ից 19.00-ը:

img_1570

Scroll Up